Նորություններ
Գեղարքունիք-Իզեր ապակենտրոնացված համագործակցության պտուղները առողջապահության ոլորտում
14.11.2025
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի և Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտի միջև գործող ապակենտրոնացված համագործակցությունը երկար տարիների պատմություն ունի։ Ի թիվս մի շարք ոլորտների, կողմերը դրական համագործակցություն են ծավալում նաև առողջապահության ոլորտում։
Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի աջակցությամբ այս շաբաթ ֆրանսիական AMD «Բժշկական օգնություն և զարգացում» կազմակերպության կողմից անցկացվեցին վերապատրաստման դասընթացներ, որոնց մասնակցեցին Գեղարքունիքի մարզի առողջապահական հիմնարկների ղեկավարներ, բուժաշխատողներ։
Վերապատրաստումն իրականացվեց «Մոր և մանկան առողջություն, ծննդաբերություն, ծնունդ, հետծննդյան շրջան» թեմաների շրջանակներում, որոնց ընթացքում ֆրանսիացի մասնագետները մարզի բուժաշխատողներին փոխանցեցին տեսական և գործնական գիտելիքներ։
Դասընթացներն իրականացրին մանկաբարձուհի Մուրիել Ֆարնոն և մանկաբույժ Մորգան Դոմենը։
Վերապատրաստումների ավարտին մասնակիցներին AMD կազմակերպության կողմից հանձնվեցին վկայականներ։
Ֆրանսիացի մասնագետների այցը Գեղարքունիք եզրափակվեց նոյեմբերի 14-ին՝ Կարմիրգյուղի ԱԱՊԿ-ում։
Այստեղ նրանք տեղի բուժանձնակազմի հետ իրականացրին ընդունելություն, որի ընթացքում տարբեր խնդիրներով դիմեցին հետծննդյան շրջանում գտնվող կանայք, կերակրող մայրեր, հղիներ, խորհրդատվություն իրականացվեց նաև մանկաբույժի կողմից։












