Նորություններ
ՀՀ Գեղարքունիքի մարզում մեկնարկել են «Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մարզական խաղերի համայնքային փուլի մրցումները
10.11.2025
2025 թվականին Հայաստանի Հանրապետության Վարչապետի հովանու ներքո առաջին անգամ անցկացվում է «Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մարզական խաղերը։ Այն նպատակ ունի դպրոցականների շրջանում վոլեյբոլ մարզաձևի մասսայականացմանը, դպրոցահասակ երեխաների առողջության ամրապնդմանը, առողջ ապրելակերպի ձևավորման գործում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի դերի բարձրացմանը, ֆիզիկապես առողջ և բարոյապես կայուն սերնդի ձևավորմանը ինչպես նաև տաղանդավոր, հեռանկար ունեցող մարզիկների հայտնաբերմանը։
Վոլեյբոլի լիգան անցկացվում է 2 տարիքային խմբերի դպրոցականների միջև՝ 6-7-րդ և 8-9-րդ դասարանների աշակերտների միջև։
Գեղարքունիքի մարզում առաջինը մրցապայքարի մեջ են մտել Սևանի համայնքային փուլի 1-ին տարիքային խմբում հայտ ներկայացրած դպրոցները։ Այն անցկացվել է նոյեմբերի 7-ին՝ Սևանի ավագ դպրոցի մարզադահլիճում։ Այստեղ ուժեղագույնը Զովաբերի Ե. Չարենցի անվան միջնակարգ դպրոցի թիմն էր։ Երկրոր և երրորդ հորիզոնականները զբաղեցրել են համապատասխանաբար Սևանի Հ․ 5 և Դդմաշենի միջնակարգ դպրոցների թիմերը։
Հաջորդ օրը մրցապայքարի մեջ են մտել 2-րդ տարիքային խմբում հայտավորված թիմեը։ Հետաքրքիր մրցապայքարի արդյունքում հաղթող է ճանաչվել Սևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Հ․ 1 հիմնական դպրոցի թիմը։ Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Սևանի Վ. Կարապետյանի անվան Հ․ 3, իսկ երրորդ հորիզոնականը՝ Սևանի Հ․ 4 հիմնական դպրոցների թիմերը։
Գավառի համայնքային փուլը մեկնարկել է նոյեմբերի 8-ին։ Խաղերը անցկացվել են Գավառի Պ. Ղանդիլյանի անվան Հ․ 2 միջնակարգ դպրոցի մարզադահլիճում։ Այդ օրը մրցապայքարի մեջ են մտել 1-ին տարիքային խմբում հայտ ներկայացրած դպրոցական թիմերը։ Արդյունքում առաջին տեղը գրավել է Գավառի Պ. Ղանդիլյանի անվան Հ․ 2 միջնակարգ դպրոցի թիմը, երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Գավառի Հ. Թումանյանի անվան Հ․ 3 հիմնական դպրոցի թիմը, իսկ երրորդ տեղը բաժին է հասել Ծաղկաշենի միջնակարգ դպրոցի թիմին։
Նոյեմբերի 9-ին մրցապայքարի մեջ են մտել 2-րդ տարիքային խմբի թիմերը։ Այստեղ ևս ուժեղագույնը Գավառի Պ. Ղանդիլյանի անվան Հ․ 2 միջնակարգ դպրոցի թիմն է։ Երկրորդ տեղը բաժին է հասել Սարուխանի Մ. Խոստեղյանի անվան Հ․ 2 միջնակարգ դպրոցի թիմին, իսկ երրորդ հորիզոնականը զբաղեցրել է Նորատուսի Ա. Սողոմոնյանի անվան Հ․ 2 միջնակարգ դպրոցի թիմը։
Մրցանակային տեղեր գրաված թիմերին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հանձնվել են հավաստագրեր։
Համայնքային փուլում առաջին տեղ գրաված թիմերը կմասնակցեն մարզային փուլի մրցումներին։








