Նորություններ
Գեղարքունիքի մարզպետը և ՀՀ ԿԳՄՍ նախարարն այցելել են Գավառի գյուղատնտեսական քոլեջ
02.10.2025
Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ կատարած այցի ընթացքում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին ուղեկցել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։ Նրանք այցելել են ակադեմիկոս Ա. Թամամշևի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ, որտեղ հետևել են նոր մասնաշենքի և այլ ենթակառուցվածքների շինարարական աշխատանքներին, ինչպես նաև մարզադահլիճի վերակառուցման ընթացքին։
Այցի ընթացքում նրանց հետ է եղել նաև Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը։
Քոլեջի նոր մասնաշենքի կառուցումն իրականացվում է պետական բյուջեի միջոցներով։ Շինաշխատանքները մեկնարկել են 2024 թվականից։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 1 միլիարդ 320 միլիոն 448 հազար դրամ։ Նախագծով նախատեսված է կառուցել 1132 քմ մակերես ունեցող ուսանողական մասնաշենք, կաթսայատուն, շվաքարաններ անասնակերի և գյուղտեխնիկայի համար, «Խելացի» անասնագոմ, մարզական խաղահրապարակ, ինչպես նաև վերակառուցել գործող մարզադահլիճն ու միջանցքը։
Մարզպետի գնահատմամբ՝ այս ծրագրի իրագործումը մեծ նշանակություն ունի մարզի կրթական ենթակառուցվածքների զարգացման, գյուղատնտեսական մասնագիտությունների խթանման և երիտասարդների համար ժամանակակից պայմաններով ուսուցում ապահովելու տեսանկյունից։ Նա շնորհակալություն է հայտնել նախարարին՝ մշտական ուշադրության և համագործակցության համար։