Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Վարդենիս համայնքի Բանավան թաղամասի նորակառույց մանկապարտեզի դռներն արդեն բաց են

23.09.2025

Սեպտեմբերի 22-ին տեղի ունեցավ Վարդենիս համայնքի Բանավան թաղամասում նորակառույց մանկապարտեզի պաշտոնական բացման արարողությունը։
Միջոցառմանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի ժ/պ Զարուհի Ազնաուրյանը, Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը, ինչպես նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմնի ատենապետ Վազգեն Ալթունյանը և Արգենտինայի տեղական մարմնի ատենապետ Ալեխանդրո Կալպակյանը։
Մանկապարտեզի կառուցումն իրականացվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմնի ֆինանսավորմամբ՝ 172 միլիոն դրամ արժողությամբ՝ տեր և տիկին Սարգիս և Հայկուհի Մառանճեանների հովանավորությամբ։
Մանկապարտեզը նախատեսված է 50 սանի համար, որն ամբողջությամբ համապատասխանում է ժամանակակից չափորոշիչներին։
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը շնորհավորեց համայնքին մանկապարտեզի բացման կապակցությամբ՝ ընդգծելով նախադպրոցական հաստատությունների զարգացման կարևորությունը մարզում։ Նա իր հատուկ շնորհակալությունն ուղղեց «Հայաստան» համահայկական հիմնադրամին, ինչպես նաև տեր և տիկին Մառանճեաններին՝ համայնքին ցուցաբերած արժեքավոր աջակցության համար։
«Կառավարության կողմից մարզում լայն թափով իրականացվում են դպրոցների և մանկապարտեզների կառուցման ու վերանորոգման ծրագրեր։ Մենք կարևորում ենք կրթական հաստատությունների զարգացումը՝ որպես որակյալ կրթության ապահովման և երեխաների համար անվտանգ ու բարենպաստ միջավայր ստեղծելու կարևոր նախապայման։ Ուրախությամբ կարող եմ նշել, որ հիմնադրամի հետ համագործակցությամբ իրականացվող նախաձեռնություններն արժանի ներդրում են համայնքների սոցիալական զարգացման գործընթացում»,- նշեց Կարեն Սարգսյանը։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-10-08 17:00:12