Նորություններ
Հիմնանորոգվում է Մարտունի-Ներքին Գետաշեն մարզային նշանակության ավտոճանապարհը
16.09.2025
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի հետ՝ մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի քաղաքաշինության պատասխանատուների ուղեկցությամբ, այցելել է Մարտունի համայնք, որտեղ դիտարկել է Մարտունի-Ներքին Գետաշեն մարզային նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքը։
Ծրագրով նախատեսվում է հիմնանորոգել Մարտունի-Ներքին Գետաշեն ավտոճանապարհի երթևեկելի մասը՝ 3,4 կիլոմետր երկարությամբ և 35 հազար քառակուսի մետր մակերեսով, երկշերտ ասֆալտբետոնյա ծածկի տեղադրմամբ, նույն ճանապարհն իրար կապող Արգիճի գետի կամուրջը, կառուցել 2 կիլոմետր 300 մետր երկարության ու շուրջ 5000 քառակուսի մետր մակերեսով սալիկապատ մայթեր ու ջրահեռացման համակարգ։
Շինաշխատանքները մեկնարկել են 2025 թվականի օգոստոս ամսին։
Ներքին Գետաշեն բնակավայրի հատվածում արդեն տեղադրվել են ջրահեռացման վաքեր և մայթերի բազալտե եզրաքարեր։
Այս պահին կատարվում են ասֆալտբետոնյա ծածկի հիմքի և ծածկի տեղադրման աշխատանքներ, որին զուգահեռ՝ աշխատանքներ են իրականացվում նաև տվյալ ճանապարհահատվածում գտնվող 3 կամուրջների հիմնանորոգման ուղղությամբ։
Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 737 միլիոն դրամ, որը տրամադրվում է ՀՀ պետբյուջեից։
Ծրագրի պատվիրատուն՝ ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն է։
Աշխատանքներն իրականացնում է «Շանթ Սեյրան» ՍՊԸ-ն։