Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզում ծանոթացել է իրականացված աշխատանքներին և ստեղծված պայմաններին

12.09.2025

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզում այցելել է Ջիլի 150 տեղ- հզորությամբ նորակառույց միջնակարգ դպրոց, ծանոթացել իրականացված աշխատանքներին և ստեղծված պայմաններին:
Վարչապետին ուղեկցել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը, Ճամբարակ համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանը, ուժային կառույցների ղեկավարներ և պաշտոնական այլ անձինք։
Ջիլի դպրոցի կառուցման արժեքը կազմում է 830 միլիոն 10 հազար դրամ, որը հատկացրել է Կառավարությունը:
Ծրագրի իրականացման արդյունքում կառուցվել է փոքրաքանակ երեխաներով համալրված մոդուլային նոր դպրոց և նախակրթարան՝ 20 տեղ-հզորությամբ։
Դպրոցաշինական ծրագրի շրջանակներում դպրոցն ապահովվել է անհրաժեշտ տեխնիկայով, գույքով և սարքավորումներով, կառուցվել է նկուղային հարկ, սպորտդահլիճ, հանդիսությունների դահլիճ, բուժկետ, լոբորատորիաներ, դասասենյակներ, գրադարան, կաթսայատուն,դպրոցի ջեռուցման ապահովման համար տեղադրվել են արևային վահանակներ, իսկ դպրոցի բակում կառուցվել է մարզադաշտ և փոքրիկ ջերմոցային տնտեսություն։
Մինչև սեպտեմբերի վերջ ավարտին կմոտենան և կկահավորվեն դեպի դպրոց տանող 3,1 կմ երկարության ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։ Այս պահին իրականացվում են կամրջի ամրացման, կողնակների լիցքի հարթեցման աշխատանքներ։ ՀՀ ՏԿԵ նախարարության պատվիրատվությամբ իրականացվող աշխատանքների արժեքը 398 միլիոն դրամ է։
Ծրագիրը մեկնարկել է 2021թ., ավարտվել` 2025թ.:
Վարչապետը հանդես է եկել ելույթով, շնորհավորել ներկաներին` Ջիլի դպրոցի աշխատանքի մեկնարկի առթիվ, ուրախությամբ արձանագրել, որ շուտով դեպի դպրոց տանող ճանապարհի կառուցման աշխատանքները նույնպես կավարտվեն։ «Երևի գյուղի պատմության մեջ սա ամենամեծ ներդրումն է՝ ճանապարհը և դպրոցը միասին վերցրած: Եվ սա շատ կարևոր արձանագրում է: Մենք սրանով կարևորում ենք կրթության հասանելիությունը բոլոր մարզերում, բոլոր գյուղերում, այսպիսի միջավայրի հասանելիությունը բոլոր մարզերում, բոլոր բնակավայրերում»,- ասել է վարչապետը և հավելել. «Ես ուզում եմ, որ դուք այս դպրոցում ձեզ զգաք որպես ազատ և հպարտ քաղաքացի, այս դպրոցում զգաք ձեր ուժը, ձեր ստեղծագործության ուժը, գիտելիքի ուժը, այս դպրոցում դուք հասկանաք, որ այսօր, ամեն օր կառուցվում է ձեր ապագան»։
Վարչապետն անդրադարձել է «Ապագան այսօր է» կարգախոսին և նշել. «Դա, առաջին հերթին, վերաբերում է դպրոցին, որովհետև այն, թե այսօր երեխան դպրոցում ինչով է զբաղված, ինչ որակով է զբաղված, այդ ամեն ինչով 80 և ավելի տոկոս ճշգրտությամբ մենք կարող ենք կանխատեսել նրա ապագան»,- ասել է Նիկոլ Փաշինյանը և ընդգծել. «Կարգախոսը նրա մասին է, որ ապագան պետք չէ կանխատեսել, պետք չէ ապագայի մասին գուշակություններ անել, ապագան այսօր կառուցվում է նաև ձեր աշխատանքով՝ երեխաները ինչքանով են ընկղմված կրթական պրոցեսում, այդ կրթական պրոցեսը ինչքանով է իրենց հաճելի, ինչքանով է նրանց օժտում հենց այն գիտելիքներով, որոնք նրանց պիտի օգնեն կյանքում գտնել իրենց սիրած աշխատանքը և ինչքանով պրոֆեսիոնալ կլինեն իրենց սիրած աշխատանքի մեջ»:
Խոսելով աղքատության մասին, վարչապետը համոզմունք է հայտնել, որ այսօր աղքատության պրոբլեմն 80% դեպքերում ուղիղ աներկբա, առանց շեղումների կախված է կրթության որակից։ «Ես ուզում եմ ասել, որ մեր հավատը հետևյալն է, որ երեխաներից յուրաքանչյուրը բացառիկ տաղանդ ունի, և կրթական համակարգի դերը, մեր բոլորի դերն է աջակցել նրանց, օգնել նրանց, խրախուսել, որպեսզի և՛ իրենք, և՛ մենք իրենց տաղանդը բացահայտենք: Հատկապես ինչո՞ւմ են տաղանդավոր երեխաները՝ մեկը տաղանդավոր մարզիկ է, մյուսը տաղանդավոր դերասան է, երրորդը տաղանդավոր գիտնական է, չորրորդը տաղանդավոր տնտեսվարող է, հինգերորդը տաղանդավոր ուսուցիչ է, վեցերորդը տաղանդավոր արվեստագետ է, յոթերորդը տաղանդավոր քաղաքական գործիչ է, ութերորդը տաղանդավոր դիվանագետ է և այլն։ Եվ հենց սա է դպրոցի դերակատարումը և նշանակությունը»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
Ամփոփելով իր խոսքը՝ վարչապետն ընդգծել է. «Սիրելի երեխաներ, սա ձեր տաղանդի արտահայտման տարածքն է: Սա ձեր տունն է: Դուք այստեղ պետք է ապրեք և դուք այստեղ ամեն օր պետք է տեսնեք, ստեղծեք սեփական ձեռքերով ձեր ապագան։ Այս գրքերը և այն դասերը, որոնց դուք առնչվում եք, այս դասասենյակները, այս դպրոցը, ուսումնական ծրագիրը, որոնց հետ դուք առնչվում եք, ձեր ապագայի բանալին են։ Եվ ես ցանկանում եմ, որ դուք տիրապետեք, գտնեք այդ բանալին և գտնեք այն դուռը, որով պետք է բացեք ձեր բարեկեցիկ, երջանիկ, ազատ ապագա»:
Ջիլի դպրոցի կառուցման և գործարկման առթիվ ողջույնի խոսքն է հղել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, անդրադառնալով այս օրերին,Գեղարքունիքի մարզի թվով 64 շինարարական օբյեկտներում պետական աջակցությամբ իրականացվող դպրոցաշինական տարբեր ծրագրերին:
Մարզպետը վստահություն հայտնեց, որ նման պայմաններ ունեցող դպրոցների աշակերտները լավ կսովորեն և լավ ապագա կունենան։
ՀՀ կառավարություն
ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-10-08 17:00:12