Նորություններ
Գավառ-Գեղարքունիք ճանապարհը նոր շունչ է ստանում
04.09.2025
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանի հետ կատարած աշխատանքային շրջայցի շրջանակներում այցելել է Գավառ-Գեղարքունիք ավտոճանապարհի Սարուխանի հատված, որտեղ ծանոթացել է կամրջի շինարարության ընթացքին։
2023 թվականի հոկտեմբերից մեկնարկած հիմնանորոգման աշխատանքներն արդեն ավարտված են շուրջ 89 տոկոսով։ Մարզային նշանակության այս ճանապարհի 12.9 կմ երկարությամբ հատվածում տեղադրվում է խճավազային և ավազակոպճային հիմք, նոր երկշերտ ասֆալտբետոնյա ծածկ, կառուցվում են մայթեր և ջրահեռացման համակարգ՝ երկաթբետոնե ծածկված վաքերով։
Ծրագրի շրջանակում կառուցվում են նաև Սարուխանի և Լանջաղբյուրի հատվածների վթարային վիճակում գտնվող կամուրջները։ Լանջաղբյուրի կամրջի շինարարությունն արդեն ավարտվել է, իսկ Սարուխանում ավարտվել են հիմքերի և հենապատերի կառուցման աշխատանքները, առաջիկայում կտեղադրվի նաև կամրջի ծածկը։
Արդեն կատարված աշխատանքներ՝
Ասֆալտապատվել է 12.2 կմ ճանապարհ՝ շուրջ 85,600 մ² մակերեսով
Կառուցվել է Գավառ քաղաքի ներքին ջրահեռացման ցանցը
Սալիկապատվել է 12,438 մ² մայթ
Ասֆալտապատվել են շուրջ 7800 մ² մուտքեր և ուղիներ
Կատարվել են ավելի քան 2.9 մլրդ դրամի շինարարական աշխատանքներ
Աշխատանքների ավարտից հետո նախատեսվում է իրականացնել ճանապարհի գծանշում և կահավորում։
Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 3 մլրդ 250 մլն դրամ, ամբողջությամբ՝ պետական բյուջեի միջոցներով։
Հիմնանորոգվող ճանապարհը ծառայում է Գավառի, ինչպես նաև Գեղարքունիք, Լանջաղբյուր, Սարուխան և Գանձակ բնակավայրերի բնակիչներին։
Այս ծրագիրը տարածաշրջանի ճանապարհատրանսպորտային ենթակառուցվածքի զարգացման կարևորագույն ներդրումներից է, որը էապես բարելավում է երթևեկության որակը, անվտանգությունն ու բնակավայրերի կապը։