Նորություններ
Գեղարքունիքի մարզի փրկարարները պարգևատրվեցին մասնագիտական տոնի առթիվ
04.09.2025
Սեպտեմբերի 4-ին Գավառի կենտրոնական հրապարակում նշվեց «Փրկարարի օրը», որին մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի և Գավառի համայնքապետարանի, ՆԳՆ ՓԾ մարզային վարչության ներկայացուցիչներ, դպրոցականներ։
Միջոցառման ընթացքում մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը հանդես եկավ շնորհավորական խոսքով՝ ընդգծելով փրկարարների դերը համայնքների անվտանգության ապահովման գործում.
«Ձեր աշխատանքը պահանջում է ոչ միայն գիտելիք ու հմտություն, այլ նաև անձնուրացություն, համբերություն և համարձակություն։
Ձեր նվիրվածությունն ու արհեստավարժ աշխատանքը քաղաքացիների անվտանգության հենասյունն են»։
Մասնագիտական տոնի կապակցությամբ մի խումբ փրկարարներ պարգևատրվեցին Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրերով։
Գավառ համայնքի ղեկավարի կողմից ևս շնորհվեցին պատվոգրեր և շնորհակալագրեր, որոնք հանձնեց համայնքի ղեկավարի տեղակալ Գրիգոր Բոշյանը։
Պաշտոնական հատվածից հետո միջոցառմանը ներկա դպրոցականները շփվեցին փրկարարների հետ, ծանոթացան նրանց աշխատանքին և հրշեջ-փրկարարական տեխնիկային։ Փրկարարները ներկայացրին նաև իրենց մասնագիտական պատրաստվածությունը, կիրառվող տեխնիկան, այդ թվում՝ հրշեջ և բժշկական նշանակության մեքենաները, դրանց հնարավորություններն ու օգտագործման ձևերը։
Շնորհակալություն մեր փրկարարներին՝ անձնուրաց ծառայության, նվիրումի և տոկունության համար։