Նորություններ
Գեղարքունիքի մարզը ակտիվ մասնակցություն է ցուցաբերել «Արվեստների և արհեստների» hամահայկական փառատոնին
31.08.2025

Գեղարքունիքի մարզը ակտիվ մասնակցություն է ցուցաբերել «Արվեստների և արհեստների» hամահայկական փառատոնին
2013 թվականից Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում կազմակերպվում և անցկացվում է «Մշակութային վերածնունդ» «Արվեստների և արհեստների» hամահայկական փառատոնը։
Այս տարի այն անցկացվել է օգոստոսի 31-ին, որին մասնակցել է նաև Գեղարքունիքի մարզի պատվիրակությունը՝ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի, մարզի համայնքապետարանների, մարզի կրթամշակութային և արվեստի ոլորտների ներկայացուցիչների և շնորհալիների մասնակցությամբ։
Ի թիվս տարբեր մարզերի տաղավարների՝ Գեղարքունիքի մարզի տաղավարներում ցուցադրվել են թանգարանային նմուշներ, կարպետներ, գորգեր, պաստառներ, մարզի մշակութային հաստատությունների սաների ձեռքի աշխատանքներ՝ կերպարվեստի, գեղանկարչության, գոբելենի, մաքրամեի, ասեղնագործության, բատիկայի, ուլունքագործության, փայտագործության ոլորտներից, մարզի տարբեր տարածաշրջաններին բնորոշ խոհանոցային ուտեստներ ու ճաշատեսակներ, մարզում արտադրված տարբեր մթերքներ, ըմպելիքներ։
Փառատոնը բացառիկ էր ոչ միայն ցուցադրություններով, հյուրասիրություններով, վարպետության դասերով, այլ նաև համերգային ծրագրով։
Երաժշտական կատարումներով հանդես է եկել Վարդենիս համայնքի «Սասուն» ազգագրական պարային համույթը, ներկայացվել է հետաքրքիր պատմություն՝ Բայազետի բարբառով։
Փառատոնի հանձնաժողովի կողմից շնորհակալագրերով խրախուսվել են Վարդենիս համայնքի «Սասուն» ազգագրական պարային համույթը, Մարտունու արվեստի դպրոցը, փայտագործ-քանդակագործ, Գավառ համայնքի Նորատուս բնակավայրի բնակիչ Երեմ Կոստանյանը, Ճամբարակ համայնքի բնակիչ, մեղվաբույծ-մեղվաբուժ Հայկ Հովհաննիսյանը, Բայազետի բարբառով ելույթ ունեցող, Գավառ համայնքի Կարմիրգյուղ բնակավայրի հ1 միջնակարգ դպրոցի աշակերտուհի Լիլիյա Վարդանյանը, Գեղարքունիքի մարզից փառատոնի մասնակցության կազմակերպչական աշխատանքներն իրականացնող՝ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ՏԿ և ՏԻՄ հարցերի վարչության պետ Վանիկ Հարությունյանը, ԿՄՍ վարչության գլխավոր մասնագետներ Արփիկ Չքոլյանը և Գեղամ Չարվադարյանը։