Նորություններ
ՀԵՐՔՈՒՄ
15.08.2025

«Ժողովուրդ» օրաթերթում օգոստոսի 15-ին հրապարակված` «Ավինյանի անարդարության ճարտարապետությունը Շորժայում» նյութը անհեթեթություն է, որը հերթական անգամ վկայում է որոշ լրագրողների մասնագիտական անգրագիտության և պրոֆեսիոնալիզմի բացակայության մասին։ Նյութում տեղ գտած բովանդակությունը ոչ այլ ինչ է, քան անտեղյակության ցցուն դրսևորում:
Մասնավորապես ներկայացված է, թե իբր շինարարության թույլտվության պատասխանատուներն են Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը և «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Կարեն Մնացականյանը։ Սա բացահայտ ապատեղեկատվություն է։ Նյութի հեղինակին տեղին է հիշեցնել, որ մարզպետը նման լիազորություն չունի:
Շինթույլտվություն տրամադրում է տեղական ինքնակառավարման մարմինը, քանի որ շինարարությունն ընթանում է հենց Շողակաթ բնակավայրի վարչական տարածքում։
Իրավական հստակեցում.
ՀՀ «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում 2010 թվականին կատարված փոփոխություններով՝ համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողատարածքները՝ այդ թվում «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հողամասերը ներառվել են համապատասխան համայնքների վարչական սահմաններում, ինչը նշանակում է, որ այդ տարածքներում շինթույլտվություն տալու իրավասությունը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով վերապահված է տվյալ համայնքի ղեկավարին, ոչ թե մարզպետին կամ ազգային պարկի տնօրենին։
Իսկ քանի որ նշված շինությունը գտնվում է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի վարչական սահմաններից դուրս, ապա լիովին անհիմն են այն պնդումները, թե շրջակա միջավայրի նախկին նախարար Հակոբ Սիմիդյանը կամ ներկայիս նախարար Համբարձում Մաթևոսյանը որևէ առնչություն են ունեցել շինթույլտվության տրամադրման գործընթացի հետ։ Այսպիսով, տվյալ թեմայով տարածվող խոսակցությունները հերթական մանիպուլյացիոն դրսևորումներն են:
Այսինքն՝ և՛ փաստացի, և՛ իրավական առումով, նյութը որևէ փաստական հիմք չունի:
Նույն նյութում, մեկ այլ սխալ տեղեկատվության մասին ևս. թե իբր «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ն էլ է շինթույլտվության պատասխանատու, տեղանքը չի գտնվում «Սևան ազգային պարկի» տարածքում, ուստի չէր կարող շինթույլտվության համար պատասխանատու լինել:
Իրազեկված չլինելը՝ հատկապես հանրային պնդումների մակարդակում, ոչ միայն ամոթալի, այլև վտանգավոր է։ Լրագրողն ով մեր հանրային կյանքում մեծ դեր ունի` տեղեկատվություն հավաքելու, մշակելու, փոխանցելու գործում, չի կարող անտեղյակություն դրսևորել և իր չկարդացած և բամբասանքի մակարդակի տեղեկությունները ներկայացնել որպես փաստ:
Նման ակնհայտ ապատեղեկատվությունները նաև նպատակաուղղված մանիպուլյացիաներ են՝ հանրության ուշադրությունը շեղելու և առողջ քննարկման դաշտը աղտոտելու համար։
«Ժողովուրդ» օրաթերթից պահանջում ենք` հերքում տարածած ապատեղեկատվության համար, այլապես հարցը կլուծվի իրավական դաշտում: