Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

«Սևան Ստարտափ Սամմիթ 2025»-ի շրջանակներում տեղի է ունեցել «Կառավարական օր» խորագրով միջոցառումը

25.07.2025


Հուլիսի 25-ին, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մասնակցեց «Սևան Ստարտափ Սամմիթ 2025»-ի շրջանակում անցկացվող «Կառավարական օր» խորագրով միջոցառմանը։
Հանրապետության նախագահը հանդես է եկել «Նորարարական կառավարում. ապագայի լուծումները» խորագրով ծրագրային ելույթով։
Իր խոսքում նախագահը նշել է․
«Ժամանակակից տեխնոլոգիական դարաշրջանում պետության և մասնավոր սեկտորի սերտ համագործակցությունն այլընտրանք չունի։ Հատկապես երիտասարդության մասնակցությամբ բաց քննարկումների միջավայրում վստահաբար կարելի է հասնել ավելի մեծ արդյունքի։ Մեր տնտեսության ապագան նորագույն տեխնոլոգիաների ներդրման ու մարդկային ներուժի ճիշտ ուղղորդման մեջ է։
Մենք պետք է կարողանանք մեր տեղը գտնել արագ փոփոխվող աշխարհում։ Հայաստանի ապագան հնարավոր է պատկերացնել միայն տեղեկատվական տեխնոլոգիաների և կրթության վրա հիմնված ռազմավարությամբ։ Կարևոր է, որ պետությունը ստեղծի համապատասխան ենթակառուցվածքներ՝ էներգետիկ հզորություններից մինչև գերհզոր համակարգիչներ՝ ՏՏ ոլորտի կայուն զարգացման համար։ Եվ ամենակարևորը՝ պետք է չվախենանք նորարարություններից»։Միջոցառումը հյուրընկալեց պետական բարձրաստիճան այլ պաշտոնյաների, միջազգային պատվիրակությունների, ոլորտային առաջատարների և ներդրողների՝ ստեղծելով փոխճանաչելիության, կապերի ու համագործակցային հնարավորությունների բացառիկ հարթակ։
Մարզպետի ներկայությունը ևս մեկ անգամ ընդգծեց մարզի պատրաստակամությունը՝ աջակցելու նորարարությանը, ձեռնարկատիրությանը և մարզային համաչափ զարգացմանը։
 Միջոցառման համատեքստում Կարեն Սարգսյանի ընդգծած հիմնական ուղերձներից էր այն, որ «Սևան Ստարտափ Սամմիթ»-ը վաղուց արդեն ձևավորվել է որպես համարձակ գաղափարների և խիզախ ձեռներեցների կարևոր հարթակ։ Այս նախաձեռնությունը մարզի տնտեսական, կրթական ու ներդրումային ներուժը դարձնում է առավել տեսանելի՝ մոտեցնելով կայուն և նորարարական ապագային։
Նա կարևորում է Գեղարքունիքի դերը՝ որպես նորարարության և ստարտափ մշակույթի աճող կենտրոն՝ նշելով նաև, որ 2026 թվականին Սամմիթի շրջանակում նախատեսվում է մեկ ամբողջ օր տրամադրել Գեղարքունիքի ստարտափ թիմերին՝ իրենց գաղափարներն ու նախագծերը միջազգային հարթակում ներկայացնելու համար։«Կառավարական օր»-ը կարևոր հանգրվան էր նաև պետություն-մասնավոր հատված համագործակցության խորացման տեսանկյունից։
 «Սևան Ստարտափ Սամմիթ 2025»-ը այս տարի միավորել է ավելի քան 2000 մասնակից և 15,000 այցելու՝ ընդգրկելով 8 հիմնական ոլորտներ, ինչպես օրինակ՝ AgriTech, EV, FinTech, էներգետիկ անցում, հանքարդյունաբերություն և այլն։
 Սամմիթը, իրականացվելով ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ, Հայաստանում ձևավորում է միջազգային ստարտափ և ներդրումային մշակույթ՝ նպաստելով տեխնոլոգիական և տարածաշրջանային առաջընթացին։
 Գեղարքունիքը բաց է բոլոր նրանց համար, ովքեր ունեն գաղափար, ոգի և նպատակ։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-31 15:07:53