Նորություններ
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մշտադիտարկում անցկացրեց Երանոսի թիվ 2 միջնակարգ դպրոցի նոր կառուցվող շենքի շինհրապարակում
25.07.2025
Հուլիսի 23-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի հետ միասին մշտադիտարկում անցկացրեց Երանոս գյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցի շինհրապարակում, որտեղ շինարարական աշխատանքներն ընթանում են 2025 թվականի ապրիլից, «Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի» պատվիրատվությամբ։
Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 2 միլիարդ 490 միլիոն 813 հազար դրամ։
Նոր դպրոցական շենքը կառուցվում է ՀՀ կառավարության կողմից իրականացվող «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում։
Դպրոցական նոր շենքը կառուցվում է հին դպրոցի տեղում։
2025 թվականի հուլիսի 23-ի դրությամբ ընթանում է նկուղային հարկի կառուցումը։
288 տեղանոց նոր դպրոցը նախագծով լինելու է երկհարկ և եռահարկ կառույց, բաղկացած 4 մասնաշենքից, ընդհանուր 8900 քմ մակերեսով։
Երկու մասնաշենքերը կլինեն եռահարկ, մեկը՝ երկհարկ, իսկ մեկ մասնաշենքը նախատեսված է մարզադահլիճի համար։
Երանոսի թիվ 2 միջնակարգ դպրոցի դասաժամերը ներկայումս կազմակերպվում են Երանոսի թիվ 1 միջնակարգ դպրոցի շենքում։
Մարզպետ Կարեն Սարգսյանը շրջեց կառույցում, զրուցեց շինարարների հետ , նկատված թերությունների շուրջ արեց դիտողություններ և առաջարկություններ՝ դրանց շտկման ուղղությամբ՝ տալով համապատասխան հանձնարարականներ։