Նորություններ
Վարդենիկի կրթահամալիրի թիմը ճանաչվել է ՀՀ դպրոցականների շախմատի 19-րդ օլիմպիադայի Գեղարքունիքի մարզային փուլի հաղթող
26.05.2025
ՀՀ դպրոցականների շախմատի 19-րդ օլիմպիադան Գեղարքունիքի մարզում մեկնարկել է 2025 թվականի մարտ ամսից, որի ներդպրոցական փուլին մասնակցել են շուրջ 2500 պատանիներ ու աղջիկներ: Այս փուլում ձևավորվել են դպրոցների հավաքական թիմերը, որոնք ապրիլի 27-ից մայիսի 8-ն ընկած ժամանակահատվածում մասնակցել են օլիմպիադայի Գավառի, Մարտունու, Սևանի, Ճամբարակի և Վարդենիսի համայնքային փուլերին:
Օլիմպիադայի նպատակն է նպաստել դպրոցականների շրջանում շախմատ մարզաձևի զարգացմանը, շախմատ մարզաձևը նպատակաուղղելու սովորողների բարոյաֆիզիկական և հոգևոր հատկանիշների դաստիարակմանը, ինչպես նաև ի հայտ բերել շնորհալի մարզիկներին՝ նրանց հետագա մարզական կատարելագործումն ապահովելու համար:
ՀՀ դպրոցականների շախմատի 19-րդ օլիմպիադայի Գեղարքունիքի մարզային փուլի մրցումներն անցկացվեցվել է 2025 թվականի մայիսի 22-ին՝ Գավառի Պ․ Ղանդիլյանի անվան N 2 միջնակարգ դպրոցում, որին մասնակցել են համայնքային փուլում հաղթող ճանաչված Գավառի N 4, Ճամբարակի N 1, Վարդենիսի N 2, Սևանի N 3 հիմնական դպրոցների և Վարդենիկի կրթահամալիրի հավաքական թիմերը:
Մրցաշարին մասնակցել են մինչև 14 տարեկան դպրոցականները:
Օլիմպիադան անցկացվել է թիմային հաշվարկով, ընդ որում թիմը բաղկացած է եղել տվյալ դպրոցի 4 աշակերտներից, որոնցից առնվազը 1-ը՝ աղջիկ:
Այն անցկացվել է ՖԻԴԵ-ի արագ շախմատի կանոններով, շրջանաձև, որի ընթացքում խաղացողին տրվել է 10 րոպե մինչև խաղի ավարտը՝ յուրաքանչյուր քայլի համար 5 վայրկյան հավելումով:
Մրցապայքարի արդյունքում հաղթող է ճանաչվել Վարդենիկի կրթահամալիրի հավաքական թիմը (մարզիչ՝ Սամվել Արզումանյան): Երկրոդ տեղը գրավել է Վարդենիսի N 2 հիմնական դպրոցի թիմը (մարզիչ՝ Արմեն Սիմոնյան), իսկ երրորդ տեղը` Գավառի N 4 հիմնական դպրոցի թիմը (մարզիչ՝ Արև Արզաքանցյան)։
Օլիմպիադայի մարզային փուլի մրցումներին մասնակից բոլոր թիմերի շախմատիստներին և մարզիչներին Հայկական բարեգործական ընդհանուր միության կողմից հանձնվել են հուշանվերներ:
Վարդենիկի կրթահամալիրի հավաքական թիմը մարզը կներկայացնի Հայաստանի Հանրապետության դպրոցականների շախմատի 19-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլում: