Նորություններ
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի նախաձեռնությամբ մարզի ավագ տարիքի 1012 դպրոցականներ մասնագիտական կողմնորոշման նպատակով այցելել են մարզի բժշկական կենտրոններ
14.05.2025
Նկատի ունենալով Գեղարքունիքի մարզի առողջապահական հաստատություններում նեղ մասնագետ բուժաշխատողների անհրաժեշտությունը և մարզի դպրոցականների շրջանում մասնագիտական կողմնորոշվածությունն ու ճիշտ ընտրությունը՝ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի նախաձեռնությամբ մարզային ենթակայության հանրակրթական և ԿԳՄՍՆ ենթակայության ավագ դպրոցների 10-12-րդ դասարանների աշակերտների համար կազմակերպվել են այցելություններ իրենց տարածաշրջանների բժշկական կենտրոններ։
Ինչպես և նախատեսված էր, այդ նպատակով, Գավառի դպրոցներից Գավառի բժշկական կենտրոն այցելել է 280, Սևանի դպրոցներից Սևանի Բժշկական կենտրոն՝ 114, Մարտունու դպրոցներից Մարտունու բժշկական կենտրոն՝ 335, Վարդենիսի դպրոցներից Վարդենիսի բժշկական կենտրոն 168, Ճամբարակի դպրոցներից Ճամբարակի առողջության կենտրոն՝ 115 աշակերտ։
Դպրոցականներին ուղեկցել են դպրոցների տնօրեններ, իրենց դասավանդող ուսուցիչները՝ քիմիա, կենսաբանություն առարկաներից, իսկ բուժհիմնարկներում ՝ բժշկական կենտրոնների տարբեր մասնագիտություններ ունեցող բուժաշխատողները։
Բժշկական կենտրոնների առանձին բաժիններում դպրոցականներին է ներկայացվել առողջապահական տվյալ ոլորտի գործունեությունը տեսականորեն, որոշ դեպքերում նաև` գործնական եղանակներով, նրանք հնարավորություն են ունեցել համադրել ուսումնական ծրագրերը պրակտիկ քայլերի հետ։
Այցերը մեծ հետաքրքրություն են առաջացրել դպրոցականների շրջանում, և դրանք կարող են նաև լուրջ խթան հանդիսանալ բժշկի մասնագիտության հարցում կողմնորոշվածություն ձեռք բերելու համար։