Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց Հայաստանում ԵՄ, Բելգիայի Թագավորության և Ռումինիայի Հանրապետության դեսպաններին

12.05.2025

Մայիսի 8-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Եվրոպայի օրվա տոնի միջոցառման շրջանակներում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության դեսպան Վասիլիս Մարագոսին, Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքին, Ռումինիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կորնել Իոնեսկուին, ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարի տեղակալ Մարեկ Կաբերսկիին և Լեհաստանի միջազգային հարաբերությունների ինստիտուտի Եվրոպական միության ծրագրերի ղեկավար՝ Յոլանտա Շիմանսկային:
Հանդիպման սկզբում Կարեն Սարգսյանը Եվրոպայի օրվա առթիվ շնորհավորեց հյուրերին՝ մաղթելով նրանց քաջառողջություն, աշխատանքային ձեռքբերումներ ու անձնական հաջողություններ, իսկ Եվրոպական Միությանը՝ խաղաղ ու ստեղծագործ զարգացման կայուն ու մշտական ճանապարհ։
Հայաստանի Հանրապետությունում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը ներկայացրեց Եվորպայի օրվա շրջանակներում Գավառի Լ․ Քալանթարի անվան պետական թատրոնի դահլիճում բեմադրվող «Սա Եվրոպան է» ներկայացման բովանդակությունը և հույս հայտնեց, որ այն կարժանանա հայ հանդիսատեսի գնահատականին։
Դեսպանն անդրադարձավ նաև հայ ու եվրոպական ժողովուրդների մշակութային դարավոր կապերին ու բարեկամությանը, ինչպես նաև՝ Եվրոպական Միության ու Հայաստանի Հանրապետության տնտեսական ու քաղաքական համագործակցությանը, նույն շրջանակներում Գեղարքունիքի մարզում ԵՄ աջակցությամբ իրականացվող սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի ընթացքին ու արդյունքներին։
Կազմակերպված ընդունելության համար շնորհակալություն հայտնելով մարզպետ Կարեն Սարգսյանին՝ Բելգիայի Թագավորության և Ռումինիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանները ներկայացրին իրենց երկրներում հայկական համայնքի կենսագործունեության շրջանակները, հայ-ռումինական ու հայ-բելգիական բարեկամական կապերը և հայտնեցին իրենց պատրաստակամությունը՝ Գեղարքունիքի մարզի հետ տնտեսական ու կրթամշակութային համագործակցություն ծավալելու նպատակով, որը կարող է լինել ինչպես քաղաքների, այնպես էլ համայնքների կամ մարզերի մակարդակով։
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը շնորհակալություն հայտնեց հյուրերին՝ ԵՄ դիտորդական առաքելության իրականացման ու մարզում իրականացվող սոցիալ-տնտեսական նշանակության ծրագրերի իրականացման համար, կարևորելով իրականացվող բոլոր ծրագրերը` միաժամանակ հավաստեց, որ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմը միշտ պատրաստակամ ու բաց է՝ ԵՄ անդամ բոլոր երկրների հետ համագործակցությունը խորացնելու և զարգացնելու համար։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-03 17:10:01