Նորություններ
ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը
06.05.2025
Մայիսի 5-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների հետ անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը։
Սկսելով խորհրդակցությունը՝ Կարեն Սարգսյանը շնորհակալություն հայտնեց աշխատակազմին՝ 2025 թվականի մայիսի 3-ին հայտարարված համապետական շաբաթօրյակը մարզում արդյունավետորեն կազմակերպելու և անցկացնելու համար։
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին 2025 թվականի ապրիլի 30-ի դրությամբ մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման արդյունքների, նախորդ տարիներից կուտակված ապառքների գանձման նպատակով հարուցված վարչական վարույթների, համայնքների կողմից տրված շինթույլտվությունների օրինականության ու ժամկետների, մարզում անցկացված թատերական երկամսյակի արդյունքների ամփոփման հետ կապված հարցեր։
Խոսվեց նաև Վարդենիս համայնքի Նորակերտ գյուղի նոր մանկապարտեզի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման, 2024 թվականին իրականացված և 2025 թվական տեղափոխված սուբվենցիոն ծրագրերի ավարտման ժամկետների, Միջգերատեսչական հանձնաժողովի կողմից 2025 թվականին հաստատված սուբվենցիոն ծրագրերի, Գավառ համայնքում հաստատված մասնակցային բյուջետավորման ծրագրերի ընթացքի, Շողակաթի միջնակարգ դպրոցի տարածքում մանկապարտեզի նոր շենքի կառուցման հնարավորությունների ուսումնասիրման, գարնանային վարարումների ռիսկերին ուղղված կանխարգելիչ միջոցառումների, մարզի 11 պատմական հուշարձանների տարածքներում աղբամանների տեղադրման ու նշված վայրերը աղբահանության երթուղիներում ներառելու հետ կապված հարցերի մասին։
Կարեն Սարգսյանը հանձնարարեց՝ կազմակերպել մինի ֆուտբոլի առաջնություն՝ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի, ՀՀ ՆԳՆ կառույցների, համայնքապետարաննների թիմերի մասնակցությամբ։
Մարզպետի մեկ այլ հանձնարարությամբ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմը պետք է համագործակցի «Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման կենտրոնի» տնօրինության հետ՝ առաջիկայում Սանիտարական աղբավայրի շահագործման գործընթացին հնարավոր օժանդակություն ցուցաբերելու նպատակով։
Խորհրդակցության ընթացքում մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները ստացան այլ հանձնարարականներ ևս։