Նորություններ
Ծակքարի միջնակարգ դպրոցի թիմը` «ՀՀ Վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային 2025 թվականի խճուղավազքի Գեղարքունիքի մարզային փուլի հաղթող
05.05.2025
2025 թվականի մայիսի 2-ին Ծովինար բնակավայրի հարակից անտառային տարածքի 5 կիլոմետրանոց արահետային խճուղում կազմակերպվել և անցկացվել է «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազք մրցումների մարզային փուլը։
Մրցումներն անցկացվել են թիմային կարգով։
Թիմի կազմում ընդգրկվել են նույն դպրոցի 7 աշակերտներ, այդ թվում` 2 աղջիկ և 5 տղա:
Մրցապայքարը ավարտված է համարվել եթե թիմի բոլոր անդամները հաղթահարել են 5 կիլոմետրանոց ճանապարհահատվածը, հակառակ դեպքում թիմի արդյունքները զրոյացվել է:
Մարզային փուլին մասնակցության հայտ են ներկայացրել մարզի 39 դպրոցական թիմեր, նախորդ տարվա 28-ի փոխարեն։
Թիմերի մեծ մասը կարողացել են ավարտել մրցապայքարը, ինչի արդյունքում առաջին տեղը գրավել է Ծակքարի միջնակարգ դպրոցի թիմը, երկրորդ հորիզոնականում՝ Լճավանի Ա. Խաչատրյանի անվան միջնակարգ դպրոցի թիմը, իսկ երրորդ տեղում՝ Թթուջուր միջնակարգ դպրոցի թիմը:
Խճուղավազքի մասնակիցների անվտանգությունն ապահովել են Մարտունու համայնքային ոստիկանության աշխատակիցները, իսկ առաջին բուժօգնությունը՝ Մարտունու բժշկական կենտրոնի շտապ օգնության ծառայության բուժանձնակազմը:
1-ին, 2-րդ, 3-րդ տեղեր գրաված թիմերին և թիմերի անդամներին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հանձնվել են հավաստագրեր:
Մարզային փուլի հաղթող ճանաչված Ծակքարի միջնակարգ դպրոցի թիմը ՀՀ Գեղարքունիքի մարզը կներկայացնի «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի եզրափակիչ փուլում, որը տեղի կունենա 2025 թվականի մայիսի 17-18-ին Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Պարզ լճի շուրջ՝ անտառային արահետներով, 5 կմ հատվածում։








