Նորություններ
Գեղարքունիքի մարզի բոլոր համայնքներում և բնակավայրերում ավարտվեցին համապետական շաբաթօրյակի աշխատանքները
03.05.2025
Գեղարքունիքի մարզում մեկնարկած Համապետական շաբաթօրյակի աշխատանքներին մասնակցեցին մարզային ենթակայության կրթական, առողջապահական, մշակութային հիմնարկները, համայնքապետարանները, բնակավայրերի վարչական կազմերը, համայնքային նշանակության կազմակերպությունները, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների ստորաբաժանումները, ուժային կառույցների աշխատակազմերը, հասարակական կազմակերպությունները, միջպետական, հանրապետական ու մարզային նշանակության ճանապարհները սպասարկող ընկերությունները, տնտեսվարողները, մասնավոր կառույցները:
Բոլոր բնակավայրերում, զբոսաշրջային և պատմամշակութային, հատուկ պահպանվող վայրերում, միջպետական, մարզային, համայնքային և միջհամայնքային ճանապարհների եզրերին և հանրային օգտագործման տարածքներում իրականացվեցին սանիտարական մաքրման, բարեկարգման և կանաչապատման աշխատանքներ:
Համապետական շաբաթօրյակի նախապատրաստական աշխատանքների իրականացման և աշխատանքների ընթացքի արդյունավետությունն ապահովելու նպատակով ՀՀ Գեղարքունիքի մարզպետի համապատասխան որոշմամբ մարզպետի աշխատակազմում ստեղծվել էր աշխատանքային խումբ՝ մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանի ղեկավարությամբ։
Մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների աշխատակիցները, որպես համակարգողներ կցվել էին մարզի համայնքներին և բնակավայրերին:
Գործի դրվեց նախապես մշակված շաբաթօրյակի իրականացման գործողությունների պլանը, մաքրման և բարեկարգման աշխատանքների սխեմաները:
Մարզում սանիտարական մաքրման աշխատանքների ընթացքում մեծ ուշադրություն է դարձվել հատկապես ճանապարհամերձ և ափամերձ հատվածների, հուշարձանների և պատմամշակութային տարածքների մաքրմանը, աղբավայրերի փակման աշխատանքների կազմակերպմանը։
Շաբաթօրյակի աշխատանքները դիտարկելու նպատակով Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը շրջայց կատարեց մարզի տարածքով։