Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գավառ քաղաքում հանդիսավոր կերպով բացվեց Արծրունի եղբայրների արձանախումբը

26.04.2025

Ապրիլի 26-ին, Քաղաքացու օրվա առթիվ մարզային միջոցառումների շարքը մեկնարկեց մարզկենտրոն Գավառից, որտեղ կենտրոնական հրապարակի տարածքում հանդիսավոր կերպով բացվեց Արծրունի եղբայրների արձանախումբը։
Արձանախմբի օրհնության կարգը կատարեց Հայրավանքի վանահայր, հոգեշնորհ տեր Բաբկեն վարդապետ Սալբիյանը, աղոթասացությամբ Գավառի հոգևոր հովիվներ՝ տեր Շահան քահանա Մովսիսյանի և տեր Նշան քահանա Սարգսյանի։
Տոնակատարությանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Գավառի համայնքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, Արծրունիների տոհմի ժառանգ Վահան Արծրունին, ուժային կառույցների ներկայացուցիչներ, Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը, մարզպետի և համայնքապետարանի աշխատակազմերը, կրթամշակութային ու առողջապահական հաստատությունների աշխատակիցներ, ուսանողներ ու դպրոցականներ, բազմաթիվ անհատ քաղաքացիներ:
«Սիրելի հայրենակիցներ, նախ թույլ տվեք շնորհավորել բոլորիս Քաղաքացու օրվա կապակցությամբ, մաղթել քաջառողջություն, խաղաղ ու արարչագործ հայրենիք, երջանկություն ու անսպառ հաջողություններ անձնական կյանքում ու աշխատանքում։
Այսօր մենք միասին հանդիսավորթությամբ ու տոնական բարձր տրամադրությամբ բացում ենք երևելի այն այրերի արձանները, ովքեր Հին Բայազետից դեպի Սևանի ավազան՝ Նոր Բայազետ հայ բնակչության գաղթի, տեղավորման ու բնակեցման կազմակերպիչներն են։
Արծրունի եղբայրների մեծագործությունները բազմաթիվ են, անքննելի ու անգնահատելի և մեզանից յուրաքանչյուրը պետք է շարունակի ապրել, աշխատել ու պայքարել այն նույն արժեքների համար, որոնք նրանք մեզ ավանդել են։ Այսօր այս արձանը բացվում է՝ ի նշան մեր ժողովրդի ու պետության կողմից ցուցաբերված սիրո, հարգանքի ու երախտագիտության։
Պարոն համայնքապետ, այսօր թե՛ ինձ և թե՛ Ձեզ մեծ պատիվ ու հնարավորություն է ընձեռված՝ Արծրունի եղբայրների աշխատանքը շարունակելու, մեր համայնքը զարգացնելու և հզորացնելու։ Հպարտորեն կարող եմ ասել, որ մենք հաջողում ենք, ինչի վկայությունն է համայնքի շինհրապարակի վերածվելը՝ նորանոր դպրոցներ, մանկապարտեզներ, քոլեջ, հրապարակ, ճանապարհներ և այլ ենթակառուցվածքներ կառուցելը ևս մեկ անգամ ապացույցն է այն բանի, որ մենք մեր նախնիների արժանի ժառանգներն ենք։
Օգտվելով առիթից՝ ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել քանդակագործ Դավիթ Մինասյանին՝ Արծրունի եղբայրների արձանախումբը քանդակելու, նրանց անունները դարերի ու սերունդների հիշողության մեջ հավերժացնելու համար։
Բոլորիդ մաղթում եմ տոնական բարձր տրամադրություն»,- ողջույնի խոսքում նշեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-05-12 09:12:12