Նորություններ
Ավարտվել են 2025 թվականին անցկացվող «Սպորտլանդիա» մարզական միջոցառման մարզային փուլի մրցումները
21.04.2025
«Սպորտլանդիա» մարզական միջոցառումը նպատակ ունի դպրոցահասակ երեխաների առողջության ամրապնդմանը, առողջ ապրելակերպի ձևավորման գործում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի դերի բարձրացմանը, հանրակրթական դպրոցներում ֆիզկուլտուրային, առողջարարական և զանգվածային մարզական աշխատանքների կազմակերպման խթանմանը։
Այն անցկացվել է երկու տարիքային խմբերով` 1-3-րդ և 4-6-րդ դասարանցիների միջև: Ներդպրոցական փուլն անցկացվել է 2025 թվականի փետրվար-մարտ ամիսներին։
Այս փուլում կազմակերպվել են առանձին մրցումներ 1-6-րդ դասարանների աշակերտների միջև, ինչի արդյունքում ձևավորվել են դպրոցական թիմերը: Թիմի կազմում ընդգրկվել են 5 տղա և 5 աղջիկ։
1-3-րդ դասարանցիների մրցումային ծրագրում ընդգրկվել են խաղային փոխանցումավազք, փոխանցումավազք արգելքների հաղթահարումով, փոխանցումավազք մարմնամարզական օղակներով, մրցումներ երկանիվ հեծանիվով և օլիմպիական խորհրդանիշի հավաքում վարժությունները, իսկ 4-6-րդ դասարանցիների ծրագրում՝ երկանիվ հեծանիվով վարժության փոխարեն ընդգրկվել է խաղային փոխանցումավազք բասկետբոլի գնդակով վարժությունը:
Ապրիլի 1-6-ը դպրոցական թիմերը մասնակցել են համայնքային փուլի մրցումներին, որտեղ ըստ տարիքային խմբերի 1-ին և 2-րդ տեղեր գրաված թիմերն իրավունք են ստացել մասնակցելու մարզային փուլի մրցումներին:
1-3-րդ դասարանների աշակերտների միջև մարզային փուլի մրցումներն անցկացվել են 2025 թվականի ապրիլի 16-ին՝ Մարտունու Ս. Դարբինյանի անվան N 2 հիմնական դպրոցի մարզադահլիճում: Ծավալված պայքարի արդյունքում առաջին տեղը գրավել է Ծովազարդի միջնակարգ դպրոցի թիմը, երկրորդ տեղը՝ Ծակքարի միջնակարգ դպրոցի թիմը, իսկ երրորդ հորիզոնականում` Գավառի Պ. Ղանդիլյանի անվան N 2 միջնակարգ դպրոցի թիմը:
4-6-րդ դասարանների աշակերտների միջև մարզային փուլի մրցումներն անցկացվել են ապրիլի 18-ին՝ Գավառի Գրիշա Վահանի Ափրոյանի անվան մարզադպրոցի մարզադահլիճում, որի արդյունքում հաղթող է ճանաչվել Ծակքարի միջնակարգ դպրոցի թիմը:
2-րդ տեղը զբաղեցրել է Մարտունու Մ. Մելիք-Շահումյանցի անվան N 1 հիմնական դպրոցի թիմը, իսկ երրորդ հորիզոնականը բաժին է հասել Գավառի Պ. Ղանդիլյանի անվան N 2 միջնակարգ դպրոցի թիմին:
Մարզային փուլում երկու տարիքային խմբերում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված թիմերին ԿԳՄՍ նախարարության կողմից հանձնվել են հավաստագրեր և գավաթներ:
Սպորտլանդիայի եզրափակիչ մրցումներում Գեղարքունիքի մարզը 1-3-րդ դասարանցիների մրցապայքարում կներկայացնի Ծովազարդի, իսկ 4-6-րդ դասարանցիների մրցապայքարում՝ Ծակքարի միջնակարգ դպրոցների թիմերը: