Նորություններ
Ապրիլի 18-ը Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է
16.04.2025

Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանման միջազգային խորհրդի (ICOMOS) առաջարկով՝ 1983թ․ UNESCO-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ ապրիլի 18-ը նշվում է որպես Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր։
Նախաձեռնության նպատակն է բարձրացնել մարդկության իրազեկությունը մշակութային ժառանգության ու դրա խոցելիության վերաբերյալ, խոսել այն պաշտպանելուն ու պահպանելուն ուղղված միջոցների անհրաժեշտության մասին։
Հուշարձանները համամարդկային արժեք են, համընդհանուր ժառանգություն։ Հետևաբար, կարևորվում է պատմամշակութային ժառանգությունը հնարավորինս ամբողջական ու անվնաս պահպանելուն և հետագա սերունդներին փոխանցելուն ուղղված միասնական միջոցների կիրառումը։
Հայաստանի Հանրապետությունում հաշվառված է 24292 պատմության և մշակույթի անշարժ հուշարձան, 1243-ը ՀՀ ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի եզրակացությամբ ստացել է նորահայտ հուշարձանի կարգավիճակ։
ՀՀ-ում հուշարձանների պահպանությունը իրականացվում է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի 10 մարզային ծառայությունների և Երևանի մարզային ծառայության ամենօրյա աշխատանքի և աշխատակիցների նվիրումի շնորհիվ։
Բայց հուշարձանների պահպանությունը նաև մեզանից յուրաքանչյուրի գործն ու առաքելությունն է` գուցե տարբեր չափաբաժիններով։
Չէ որ՞ հուշարձանները մեր պատմության վկաներն են, մեր անցյալն ու ապագան։
Ճանաչե՛լ, պահպանե՛լ, ժառանգե՛լ։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն