Նորություններ
Հայտնի են «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի մարզային փուլի հաղթողները
10.04.2025
Գեղարքունիքի մարզում ավարտվել են «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի համայնքային և մարզային փուլի մրցումները, որը հնարավորություն է տվել շուրջ 950 դպրոցահասակ պատանիների ու աղջիկների ծանոթանալ բասկետբոլ մարզաձևին։
Մրցումներն անցկացվել են 2 տարիքային խմբերում։
Կանոնակարգի համաձայն մարզական խաղերի մարզային փուլի մրցումներին մասնակցել են համայնքային փուլում յուրաքանչյուր տարիքային խմբում առաջին տեղ գրաված թիմերը։
Այս փուլի մրցումներն անցկացվել են կիսաօլիմպիական եղանակով, այսինքն թիմը երկու պարտությունից հետո դուրս է մնացել հետագա պայքարից։
Մարզային փուլը մեկնարկել է ապրիլի 5-ին՝ առաջին տարիքային խմբի թիմերի մրցապայքարով։
Այս տարիքային խմբում հանդես են եկել Ծովազարդի միջնակարգ, Սևանի Մեսրոպ Մաշտոցի անվան N 1 հիմնական, Վերին Գետաշենի N 1 միջնակարգ, Վարդենիսի N 3 հիմնական և Թթուջրի միջնակարգ դպրոցների թիմերը։
Մրցանակային տեղերի համար ծավալված պայքարի արդյունքում առաջին տեղը գրավել է Վարդենիսի N 3 հիմնական դպրոցի թիմը, երկրորդ հորիզոնականում է Ծովազարդի միջնակարգ դպրոցի թիմը, իսկ երրորդ մրցանակային տեղը բաժին է հասել Թթուջրի միջնակարգ դպրոցի թիմին։
Երկրորդ տարիքային խմբում մրցապայքարի մեջ են մտել Գավառի Հ․ Թումանյանի անվան N 3, Մարտունու Ս. Դարբինյանի անվան N 2, Վարդենիսի N 3 հիմնական, Դդմաշենի և Վահանի միջնակարգ դպրոցների թիմերը։
Այս տարիքային խմբում ուժեղագույնը եղել է Մարտունու Ս. Դարբինյանի անվան N 2 հիմնական դպրոցի թիմը։
Երկրորդ և երրորդ տեղերի համար ծավալված մրցապայքարում երկրորդ տեղը գրավել է Գավառի Հ․ Թումանյանի անվան N 3 հիմնական դպրոցի թիմը, երրորդ տեղը՝ Դդմաշենի միջնակարգ դպրոցի թիմը։
Մրցանակային տեղեր գրաված թիմերը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից պարգևատրվել են գավաթներով և հավաստագրերով։
Եռօրյա մրցապայքարի արդյունքում հայտնի են դարձել այն թիմերը, որոնք հանդես կգան մարզական խաղերի միջմարզային փուլում։
Այս փուլի առաջին տարիքային խմբում Գեղարքունիքի մարզը կներկայացնեն Վարդենիսի N 3 հիմնական և Ծովազարդի միջնակարգ դպրոցների թիմերը, իսկ երկրորդ տարիքային խմբում՝ Մարտունու Ս. Դարբինյանի անվան N 2 և Գավառի Հ․ Թումանյանի անվան N 3 հիմնական դպրոցների թիմերը։