Նորություններ
Քննարկվեց ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կառավարման ապարատի պահպանման 2026 թվականի բյուջետային հայտի և 2026-2028թթ միջնաժամկետ ծախսային ծրագրերի /ՄԺԾԾ/ նախագիծը
08.04.2025
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի բյուջետային գործընթացը սկսելու մասին» Հայաստանի Հանրապետության Վարչապետի 2025 թվականի հունվարի 16-ի N 36-Ա որոշումից բխող հանձնարարականը, 2025 թվականի ապրիլի 8-ին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի վարչական շենքում անցկացվեց հանրային քննարկում՝ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ապարատի պահպանման 2026 թվականի բյուջետային հայտի և 2026-2028թթ միջնաժամկետ ծախսային ծրագրերի /ՄԺԾԾ/ նախագծի վերաբերյալ, ներառյալ 2025 թվականին հաստատված ՀՀ պետական բյուջեի նկատմամբ համամասնությունը, ինչպես նաև հայտերի հիմքում դրված ծախսային հաշվարկ-հիմնավորումները:
Քննարկումն անցկացրեց Գեղարքունիքի մարզպետին փոխարինող, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը։
Քննարկմանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը, մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Սիմոն Մանուկյանը, մարզպետի խորհրդականներ Ալբերտ Աղեկյանը և Սևակ Խլղաթյանը, մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներ և աշխատակիցներ։
Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Յուրա Մուշեղյանը հանգամանալից ներկայացրեց միջնաժամկետ ծախսային ծրագրում ներառված ոլորտներն ըստ տնտեսագիտական դասակարգման հոդվածների, անդրադարձավ 2025 թվականի հաստատված բյուջեին և 2026 թվականի հայտի տարբերությանը՝ 2025 թվականի հաստատվածի նկատմամբ, հայտի տարբերությանը՝ 2024 թվականի փաստացի կատարողականի նկատմամբ:
Այնուհետև զեկուցողը պատասխանեց ներկաների կողմից բարձրացված հարցերին:
ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի 2026 թվականի բյուջետային հայտը և 2026-2028թթ.-ի միջնաժամկետ ծախսային ծրագրերի փաթեթը հրապարակված է ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի պաշտոնական կայքում՝ http://gegharkunik.mtad.am/sss/ հղումով: