Նորություններ
Գեղարքունիքի մարզի խորհրդի հերթական նիստում քննարկվեցին կարևոր ու առաջնահերթ նշանակության հարցեր
28.03.2025
Մարտի 28-ին կայացավ Գեղարքունիքի մարզի խորհրդի հերթական նիստը, որը վարեց Գեղարքունիքի մարզպետ, մարզի խորհրդի նախագահ Կարեն Սարգսյանը։
Նիստի աշխատանքներին մասնակցեցին մարզխորհրդի անդամներ, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներ։ Նիստի օրակարգում քննարկվեց վեց հարց։
«ՀՀ Գեղարքունիքի մարզի համայնքների կողմից, 2025 թվականի մարտի 1-ի դրությամբ, համայնքային բյուջեների կազմակերպման գործընթացի և պլանային ցուցանիշների վերաբերյալ» հարցի շուրջ զեկուցեց մարզպետի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Յուրա Մուշեղյանը։
Ըստ զեկուցողի՝ 2025 թվականին մարզի 5 համայնքների սեփական եկամուտների պլանային թիվը կազմում է 3 միլիարդ 501 միլիոն 308 հազար 400 դրամ, որը 2024 թվականի հետ համեմատած ավել է պլանավորվել 206 միլիոն 628 հազար 400 դրամով։
2025 թվականի մարտի 1-ի արդյունքներով մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշը կազմել է 87,7 տոկոս, կամ փաստացի հավաքագրվել է 511 միլիոն 845 հազար 400 դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի հետ համեմատած արձանագրվել է 1,1 տոկոս աճ:
Վարդենիս համայնքը սեփական եկամուտները կատարել է 67,9, Գավառ համայնքը՝ 82, Ճամբարակ համայնքը՝ 71,4, Մարտունի համայնքը՝ 99,2, Սևան համայնքը՝ 101,6 տոկոսով։
2025 թվականին պլանավորված ֆինանսական համահարթեցման դոտացիան 2024 թվականի փաստացիի նկատմամբ աճել է 1 միլիարդ 400 միլիոն 287 հազար 300 դրամով, որը կազմում է սեփական եկամուտների 40 տոկոսը։
«ՀՀ Գեղարքունիքի մարզի համայնքներում 2025 թվականի գարնանային գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման ընթացքի վերաբերյալ» հարցի շուրջ զեկուցեց մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության գլխավոր մասնագետ Անդրանիկ Ջրաղացպանյանը։
Ըստ զեկուցողի՝ 2025 թվականին մարզում խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը կազմել է 71971 գլուխ, որը 2024 թվականի համեմատությամբ պակասել է 5 տոկոսով։ Մանր եղջերավոր կենդանիների գլխաքանակը կազմել է 102543 գլուխ, որը 2024 թվականի համեմատությամբ ավելացել է 626 գլխով։ Խոզերի գլխաքանակը կազմել է 10094 գլուխ, որը 2024 թվականի դրությամբ պակասել է 1165 գլխով:
2024 թվականի ընթացքում մարզում հաշվառված 75829 գլուխ խոշոր եղջերավոր կենդանիներից համարակալվել են 28675 գլուխը, որի համար պետության կողմից հատկացվել է 11 միլիոն 470 հազար դրամ, ներկայումս աշխատանքներն ընթացքի մեջ են:
Գարնան գյուղատնտեսական աշխատանքներին ընդառաջ՝ այս տարի ՀՀ կառավարության կողմից իրականացվող գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրերը Գեղարքունիքի մարզի համայնքներում պատշաճ իրականացնելու, դրանց իրագործման ճանապարհները և հնարավորությունները տեղերում ներկայացնելու նպատակով Գեղարքունիքի մարզպետի հանձնարարությամբ համայնքներում սույն թվականի ապրիլ ամսվա սկզբից աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության աշխատակիցների կողմից կիրականացվեն իրազեկման և բացատրական աշխատանքներ:
2025 թվականին գյուղատնտեսության ապահովագրության պայմանագրերի կնքման վերջնաժամկետ սահմանվել է մայիսի 31-ը։
2025 թվականին ակնկալվում է ունենալ շուրջ 18000 հեկտար գարնանացան մշակաբույսերի ցանքեր:
«ՀՀ Գեղարքունիք մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության կողմից 2025 թվականի առաջին եռամսյակում կատարված աշխատանքների վերաբերյալ» հարցի շուրջ զեկուցեց մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Սասուն Սահակյանը։
Ըստ զեկուցողի՝ 2021-2024 թվականներից 2025 թվական են տեղափոխվել 98 սուբվենցիոն ենթածրագրեր, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 5,2 միլիարդ դրամ, որից ՀՀ կառավարության մասնաբաժինը կազմում է 3,9 , իսկ համայնքայինը՝ 1,3 միլիարդ դրամ։
ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կողմից ուսումնասիրվել և 2025 թվականին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն է ներկայացվել 31 սուբվենցիոն ծրագրային հայտերի փաթեթներ, որոնց արժեքը կազմում է 12,6 միլիարդ դրամ, որից 7,7 միլիարդ դրամը ՀՀ կառավարության , 4,7 միլիարդ դրամը համայնքի, իսկ 173,4 միլիոն դրամը այլ ներդրողների մասնաբաժինն է։
2025 թվականի մարտի 27-ի դրությամբ միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հաստատվել է 6 ծրագիր՝ 2 միլիարդ 671 միլիոն 406 հազար 916 դրամ արժողությամբ, որից 1 միլիարդ 560 միլիոն 413 հազար 092 դրամը պետության, իսկ 1 միլիարդ 110 միլիոն 993 հազար 825 դրամը համայնքների մասնաբաժինն է։
2025 թվականի առաջին եռամսյակում ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ, միջգերատեսչական հանձնաժողովի կողմից դրական եզրակացություն է ստացել և Մարտունու ավագանու, Մարզպետի համապատասխան որոշումներով հաստատվել է Գեղարքունիք-3 միկրոռեգիոնալ մակարդակի տարածական պլանավորման փաստաթղթերը։
Մարզի համայնքների կողմից 2025 թվականի առաջին եռամսյակում տրվել է 43 շինարարության թույլտվություն, որից՝ Մարտունի համայնքում 16, Գավառ համայնքում 1, Սևան համայնքում 5, Վարդենիս համայնքում 18, Ճամբարակ համայնքում 3։
2025 թվականի առաջին եռամսյակում մարզի համայնքապետարաններից և այլ գերատեսչություններից մարզպետի աշխատակազմը ստացել է 33 քաղաքաշինական փաթեթներ, որոնցից դրական եզրակացություն է ստացել 6 քաղաքաշինական գործ, իսկ 27 քաղաքաշինական գործ գտնվում է լրամշակման տարբեր փուլերում:
Ուսումնասիրվել են մարզի 45 կրթական հաստատությունների լաբորատոր դասասենյակներում իրականացված շինարարական աշխատանքները:
«ՀՀ Գեղարքունիք մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության կողմից 2025 թվականի առաջին եռամսյակում իրականացված աշխատանքների և համայնքներում մանկապարտեզների կառուցման, լիցենզիաների ստացման և շահագործման մասին» հարցի շուրջ զեկուցեց մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Զազյանը։
Ըստ զեկուցողի՝ ՀՀ Գեղարքունիքի մարզում 2025 թվականի 1-ին եռամսյակում մարզի նախադպրոցական ուսումնական հաստատությունների 171 խմբում հաճախում են 4384 սան։
Մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններում 2025 թվականի 1-ին եռամսյակում գործում է 59 նախակրթարան՝ որտեղ հաճախում են 1118 երեխա, աշխատանքներ են տարվում դպրոցահեն նախակրթարանների ավելացման ուղղությամբ: Հետևողական աշխատանքներ են տարվում կառուցվող, հիմնանորոգվող և վերանորոգվող 2025 թվականին շահագործման հանձնվող մանկապարտեզների շինարարության և ամբողջական գույքով համալրման ավարտելու ուղղությամբ: Շուտով կմեկնարկի 2025 թվականի կամավոր ատեստավորման գործընթացը: ՀՀ Գեղարքունիքի մարզպետի նախաձեռնությամբ իրականացվող «Թատերական երկամսյակ» մշակութային միջոցառման շրջանակներում արդեն իսկ հանդիսատեսին են ներկայացվել 4 թատերախմբերի բեմականացումներ:Անցկացվել են նաեւ մի շարք մարզամշակութային բնույթի մրցումներ ու միջոցառումներ։
«ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության 2025 թվականի առաջին եռամսյակում կատարված աշխատանքների մասին» հարցի շուրջ զեկուցեց մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Լուսինե Վարդանյանը։
Ըստ զեկուցողի՝ 2024 թվականին մարզային ենթակայության առողջապահական հիմնարկների ընդհանուր եկամուտները կազմել են 5 միլիարդ 206 միլիոն 253 հազար 978 դրամ, որը 2023 թվական տարեկան արդյունքների համեմատ աճել է 454 միլիոն 989 հազար 828 դրամով կամ 9,5 տոկոսով։
2024 թվականին մարզային ենթակայության առողջապահական հիմնարկների պետպատվերով եկամուտները կազմել են 4 միլիարդ 328 միլիոն 630 հազար 134 դրամ, իսկ վճարովի ծառայություններից ստացված եկամուտները՝ 857 միլիոն 623 հազար 844 դրամ։ 2025 թվականի հունվարի 1-ից մինչև մարտի 20-ը մարզային ենթակայության առողջապահական հիմնարկների ընդհանուր եկամուտները կազմել են 1 միլիարդ 208 միլիոն 847 հազար 402 դրամ, որից պետպատվերը՝ 985 միլիոն 889 հազար 893 դրամ, իսկ վճարովի ծառայություններից ստացված եկամուտները՝ 223 միլիոն 287 հազար 509 դրամ։
Ակտիվ աշխատանքներ են տարվում նաև առողջապահական հիմնարկների շենքային պայմանների բարելավման մասով։ Ավարտին է հասցվել «Լճափի ԱԱՊԿ» ՊՈԱԿ նոր շենքի կառուցումը։
Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի և տարբեր միջազգային կազմակերպությունների համագործակցության արդյունքում տեղադրված արևային ֆոտովոլտային կայաները սկսել են գործարկվել «Ճամբարակի ԱԿ», «Սևանի ԲԿ» , «Գավառի ԲԿ» և «Մարտունու ԲԿ» ՓԲԸ-ներում ՝ տարեկան տնտեսելով շուրջ 32 միլիոն դրամ։
2025 թվականի առաջին եռամսյակում մարզպետի աշխատակազմի «Այլ նպաստներ բյուջեից» տողով 4 միլիոն 520 հազար դրամ տրամադրվել է 174 սոցիալապես անապահով և կարիքավոր ընտանիքների:
Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում «Արարատ» մոր և մանկան առողջարանում վերականգնողական բուժում են ստացել առողջական խնդիրներ ունեցող 22 երեխա։
«ՀՀ Գեղարքունիքի մարզի համայնքներում արտակարգ իրավիճակների կանխարգելման և քաղաքացիական պաշտպանության հիմնահարցերի մասին» հարցի շուրջ զեկուցեց մարզպետի աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետ Վանիկ Հարությունյանը։
Ըստ զեկուցողի՝ 2025 թվականի համար համայնքների կողմից կազմվել է կանխատեսվող գարնանային հեղեղումների, սելավների, սողանքների, վթարային կամուրջների և հնարավոր քարաթափումների տեղամասերում սպասվող վտանգների կանխարգելման հետևանքների նվազեցման և վերացման միջոցառումների պլան-ժամանակացույց, որը համաձայնեցվել է ՀՀ ՆԳՆ մարզային փրկարարական վարչության հետ և հաստատվել Գեղարքունիքի մարզպետի կողմից։ 2024 թվականի ընթացքում մարզի համայնքներում տեղադրվել են 116 վաղ ազդարարման շչակներ, որոնք միացված են կենտրոնական կառավարման համակարգին, համայնքների կողմից աշխատանքներ են տարվում շչակների քանակների ավելացման ուղղությամբ։
Մարզի 5 համայնքներում աղբահանությունն իրականացվում է 6 ՀՈԱԿ-ների 39 ավտոմեքենաների միջոցով, 1400 միավոր աղբարկղերով, քաղաքային բնակավայրերում ամենօրյա ռեժիմով, գյուղական բնակավայրերում՝ շաբաթը 2 անգամ։ Համայնքներն ու բնակավայրերը շատ մաքուր են, աղբահանության վիճակը լավ է։
Ամփոփելով նիստի աշխատանքները՝ Գեղարքունիքի մարզպետ, մարզի խորհրդի նախագահ Կարեն Սարգսյանը հանձնարարեց՝ շարունակել հետևողական ու համագործակցված աշխատանքը՝ լուծում գտնելով առաջնահերթ ու հրատապ լուծում պահանջող կամ ի հայտ եկած բոլոր հիմնահարցերի համար։
«Երկրորդ եռամսյակի մեկնարկից բոլորիս սպասվում է ավելի լարված ու ջանադիր աշխատանք՝ կապված գարնանացանի, ճանապարհաշինության, սուբվենցիոն ու պետական այլ ծրագրերով նախատեսված շինարարական աշխատանքների մեկնարկի, այլ ոլորտներում առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների կարգավորման հետ։ Կարծում եմ, որ մենք համատեղ ջանքերով կկարողանանք հաղթահարել բոլոր դժվարությունները և շարժվել առաջ»,- նշեց Կարեն Սարգսյանը։