Նորություններ
ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը մարտի 8-ի՝ կանանց միջազգային օրվա առթիվ
08.03.2025

«Սիրելի կանայք, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ գարնանային այս գեղեցիկ տոնի առթիվ: Համոզված եղեք, որ ձեր անսպառ բարությունը, նվիրվածությունն ու հոգատարությունը աննկատ չեն մնում, և դուք, անառարկելիորեն, արժանի եք շատ ավելի մեծ գնահատանքի՝ նաև առօրեական դժվարությունները անտրտունջ ձեր ուսերին վերցնելու, մեր պետության համար արժանի քաղաքացիներ կրթելու, նրանց ազգային արժեքների և հայրենասիրության ոգով դաստիարակելու դժվարին, բայց ազգաշահ առաքելությունը համբերությամբ իրագործելու համար:
Մեր երկրում չկա որևէ ոլորտ ու բնագավառ, որտեղ չզգացվի կանանց բարենպաստ ներկայությունը և ակտիվ մասնակցությունը: Նրանք ուսուցիչ են, բժիշկ, ձեռներեց ու պետական գործիչ, զինվորի մայր են ու զինվորական:
Առողջ և ամուր ընտանիքը մեր ժողովրդի և երկրի հարստությունն է, իսկ այդ հարստության մշտարթուն պահապանը դուք եք, սիրելի՛ կանայք:
Մաղթում եմ ձեզ երջանկություն անձնական կյանքում և հաջողություններ աշխատանքային գործունեության մեջ»: