Նորություններ
Գեղարքունիքի մարզում կիրականացվի «ՐԱՅԶ Հայաստան․ տեղահանված և խոցելի բնակչության վերականգնում, սոցիալական ներառում և հզորացում» ծրագիրը
06.03.2025
Մարտի 6-ին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի վարչական շենքում կազմակերպվեց հանդիպում՝ «ՐԱՅԶ Հայաստան․ տեղահանված և խոցելի բնակչության վերականգնում, սոցիալական ներառում և հզորացում» ծրագրի շրջանակներում։
Հանդիպումը կազմակերպել էր ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչությունը, որին մասնակցում էին նշված վարչության, Գեղարքունիքի մարզի բոլոր համայնքապետարանների սոցիալական, կրթության և մշակույթի ոլորտների պատասխանատուներ և աշխատակիցներ։
Խոսելով Գեղարքունիքի մարզում մեկնարկվող ծրագրի և դրա նպատակների մասին՝ Վորլդ Վիժն Հայաստան երեխաների պաշտպանության հիմնադրամի "ՐԱՅԶ- Հայաստան" կոնսորցիումի ղեկավար Անժելա Աթոյանը նշեց, որ ծրագիրն իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստան երեխաների պաշտպանության հիմնադրամի, Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի և «Մարդը կարիքի» մեջ ՀԿ-ի հետ համատեղ ուժերով։ Եռամյա տևողություն ունեցող ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից և նպատակ ունի բարելավել մարզի խոցելի բնակչության, այդ թվում Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների համար սոցիալական պաշտպանության համակարգը, զարգացնել սոցիալական աշխատողների կարողությունները, ապահովել նոր սոցիալական ծառայությունների՝ պատրոնաժի, սոցիալական խնամքի և սոցիալ-վերականգնողական ծառայությունների հասանելիությունը։
«ՐԱՅԶ Հայաստան․ տեղահանված և խոցելի բնակչության վերականգնում, սոցիալական ներառում և հզորացում» ծրագրի իրականացմանը աջակցելու են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունները, միասնական սոցիալական ծառայությունը, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, համայնքապետարանների սոցիալական աշխատողները և աջակցող մասնագետները, քաղաքացիական հասարակական կազմակերպությունները։
Ծրագրի իրականացման գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչները խոսեցին իրականացվող ծրագրի ընթացակարգի մասին, անդրադառնալով ծրագրում ներգրավվածության, դրանից օգտվելու, համապատասխան գործընթացի արդյունքում աջակցության տրամադրման և մասնագետների կարողությունների հզորացմանը։
Հանդիպման ավարտին մասնակիցները պարզաբանումներ ստացան ծրագրի վերաբերյալ իրենց մտահոգող հարցերի մասին։