Նորություններ
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է Գեղարքունիքի մարզային գրադարանի ներկայացուցիչներին
28.02.2025

Հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի տարեդարձի և գիրք նվիրելու օրվա առթիվ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն իր աշխատասենյակում ընդունել է Վ.Պետրոսյանի անվան Գեղարքունիքի մարզային գրադարանի տնօրեն Մարիամ Համբարձումյանին, ընթերցասրահի բաժնի վարիչ Շուշանիկ Գրիգորյանին և ընթերցողներ` Գավառի պետական համալսարանի սերվիս բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի Նելլի Գրիգորյանին ու Գանձակի թիվ 1 միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Սիփան Կիրակոսյանին։
Նելլին և Սիփանը «Տարվա լավագույն ընթերցող» ճանաչվածներից են, ովքեր տարվա ընթացքում ակտիվորեն հաճախել են գրադարան, կարդացել մեծաթիվ գրքեր /30-40/ մասնակցել գրադարանի միջոցառումներին, քննարկումներին և ընթերցանության խթանման ծրագրերին։
Մարզպետ Կարեն Սարգսյանը շնորհավորել է ներկաներին՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան և այդ առիթով մեր հանրապետությունում նշվող տոնի՝ գիրք նվիրելու օրվա կապակցությամբ, իր խոսքում անդրադարձել տոնի խորհրդին` կարևորելով գրքի և գրականության հանդեպ ցուցաբերվող ուշադրությունն ու նվիրումը, ինչի շնորհիվ է միայն հնարավոր ունենալ խելացի ու բանիմաց սերունդ, հզոր ու զարգացող երկիր։
Գեղարքունիքի մարզի ղեկավարի և դպրոցականների միջև ծավալվել է անմիջական զրույց, որից հետո մարզպետը և ներկաները փոխանակվել են գրքերով։