Նորություններ
Գեղարքունիքի մարզում կշարունակվեն էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի ուղղությամբ իրականացվող ծրագրերը
17.02.2025
Փետրվարի 17-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց «ԵՄ-ն Հայաստանի համայնքներում էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի» և «Կայուն էներգիա հանուն Հայաստանում կլիմայակայուն համայնքային զարգացման» ծրագրերի թիմի ղեկավար Ալլա Բերբերյանին, «Կայուն էներգիա հանուն Հայաստանում կլիմայակայուն համայնքային զարգացման» ծրագրի Գեղարքունիքի մարզային համակարգող Սոնա Գրիգորյանին և «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» ծրագրի Գեղարքունիքի մարզի ծրագրերի համակարգող Վարազդատ Սարգսյանին։
«ԵՄ-ն հանուն Հայաստանի համայնքներում էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի» ծրագիրը Գերմանիայի Միջազգային Համագործակցության ընկերության կողմից իրականացվող ԷԿՈսերվ ծրագրի մաս է, որը մեկնարկել է 2023 թվականի հունվարին, ՀՀ Գեղարքունիքի, Լոռու, Տավուշի, Շիրակի և Սյունիքի մարզերում։
Գեղարքունիքի մարզում իրականացված ծրագրերի արդյունքում, ընդհանուր առմամբ, 28 համայնքապատկան շենքերում իրականացվել են էներգաարդյունավետության և վերականգնվող էներգետիկայի միջոցառումներ։
«Հայաստանի Վերականգնող Էներգետիկայի և Էներգախնայողության Հիմնադրամը» տեղադրել է 15-ից 150 կիլովատտ ժամ հզորության արևային ֆոտովոլտային կայաններ Մարտունի, Գավառ, Սևան և Ճամբարակ համայնքների թվով 10 հանրային շենքերում, որոնց ցանկում են նաև Մարտունու, Գավառի և Սևանի բժշկական կենտրոնների շենքերը։
Նույն ծրագրի շրջանակներում «Էներգախնայողության աջակցման հիմնադրամի կողմից Ճամբարակ, Գավառ, Մարտունի և Սևան համայնքների՝ թվով 18 համայնքապատկան շենքերում տեղադրվել են 3-ից 10 կիլովատտ հզորության արևային կայաններ։
Բացի այդ, Գեղարքունիքի մարզում 141 ընտանիք ստացել է էներգախնայող վառարաններ՝ ներառյալ Արցախից տեղահանված 56 ընտանիքիները։
Սևան և Գավառ համայնքներում ընտրված 8 խոցելի տնային տնտեսություններում իրականացվել են ջերմամեկուսացման միջոցառումներ։
Ծրագիրը կավարտվի 2025 թվականի մարտի 31-ին, սակայն համագործակցությունը Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի հետ կշարունակվի «Կայուն էներգիա հանուն Հայաստանում կլիմայակայուն համայնքային զարգացման» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական Միության և ԳԴՀ Տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից և իրականացվում Գերմանական Միջազգային Համագործակցության Ընկերության կողմից:
Ծրագիրը մեկնարկել է 2024 թվականի մայիսի 1-ից ՝ 3 տարի ժամկետով: Ծրագիրը ձգտում է բարելավել գյուղական համայնքների կարողությունները՝ դիմակայելու և հարմարվելու փոփոխվող կլիմայական պայմաններին:
Մարզպետ Կարեն Սարգսյանը, իր գոհունակությունը հայտնելով Գեղարքունիքի մարզում իրականացված էներգաարդյունավետության և էներգախնայողության ծրագրերի արդյունքներից ու համագործակված աշխատանքից, հավելեց, որ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմն այսուհետ էլ կշարունակի հետևողական աջակցություն ցուցաբերել ընթացքի մեջ գտնվող կամ առաջիկայում նախատեսված ծրագրերի իրականացմանը։
Կարեն Սարգսյանն առաջարկեց՝ էներգաարդյունավետության և էներգախնայողության ծրագրերի իրականացման համար թիրախային ուղղություններ համարել հանրակրթական դպրոցների և բուժամբուլատորիաների շենքերը։