Նորություններ
Գեղարքունիքի մարզում ավարտվեց 2024-2025 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադաների մարզային փուլը
12.02.2025
Դպրոցականների 2024-2025 ուսումնական տարվա առարկայական օլիմպիադաների մարզային փուլն անցկացվեց մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, կեսաբանություն, աստղագիտություն, ինֆորմատիկա, աշխարհագրություն, հայոց լեզու, հայ գրականություն, պատմություն, ռուսաց լեզու, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, նախնական զինվորական պատրաստություն և ընթերցանություն առարկաներից։
Օլիմպիադաների մասնակցության հնարավորությունից ընդհանուր առմամբ օգտվեցին 9-12-րդ, միայն մաթեմատիկա առարկայի մասով՝ 5-12-րդ, իսկ ընթերցանություն առարկայի մասով՝ 5-6-րդ դասարանների աշակերտները։
Օլիմպիադայի մարզային փուլի արդյունքները համապատասխան հանձնաժողովների կողմից ամփոփվել և ներկայացվել է առարկայական օլիմպիադայի կազմկոմիտե, որտեղ էլ կորոշվի և կհաստատվի մարզային փուլի հաղթողների և հանրապետական փուլի մասնակիցների ցանկը։
Այս տարի առաջին անգամ մարզի հանրակրթական հաստատությունների 5-րդ և 6-րդ դասարանցիների շրջանում կազմակերպվեց ընթերցանության օլիմպիադա «Մայրենի» առարկայի շրջանակում՝ դպրոցական և մարզային փուլերով։ Այն անցկացվեց փետրվարի 12-ին, որով էլ եզրափակվեց օլիմպիադայի մարզային փուլը։
Ընթերցանության օլիմպիադան ընթացավ տեքստի լուռ ընթերցանության և վերարտադրության ձևաչափով, որը նպատակ ուներ խթաանել երեխաների ընթերցելու կարողությունների զարգացմանը։
Այս օլիմպիադայի ներդպրոցական փուլին մասնակցել է 532 աշակերտ, որոնցից 67-ը ներկայացվել են մարզային փուլի։
Համաձայն սահմանված ընթացակարգի՝ օլիմպիադայի դպրոցական փուլի մասնակիցների կատարած աշխատանքները ստուգել են դպրոցի տնօրենի հրամանով «Մայրենի» և «Հայոց լեզու և գրականություն» առարկաների ուսուցիչներից ձևավորված հանձնաժողովները, իսկ մարզային փուլի մասնակիցների կատարած աշխատանքները կստուգեն ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կողմից ձևավորված «Հայոց լեզու և գրականություն» առարկայի հանձնաժողովները։
Առաջադրանքները գնահատվում են 100 միավորանոց սանդղակով։ Առավելագույն միավորը տրվում է, եթե աշակերտի կողմից ներկայացվել է տրամաբանված, հարուստ բառապաշարով պատասխան՝ հարազատ մնալով գրվածքի բովանդակությանը՝ կատարելով բառերի ճիշտ ընտրություն, նախադասությունների համոզիչ ձևակերպում, օգտագործելով ինքնատիպ բառապաշար։
Ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարարության՝ փետրվարի 19-ին, Գիրք նվիրելու օրվա միջոցառումների շրջանակում այս օլիմպիադայի հաղթողներին հնարավորություն կտրվի այցելելու Հայաստանի ազգային գրադարանի Գրատպության թանգարան և մասնակցելու ընթերցանության միջոցառմանը: