Նորություններ
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը
20.01.2025
Հունվարի 20-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների հետ անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը։
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին 2024 թվականի տարեկան աշխատանքային հաշվետվության կազմման, մարզում կենտրոնացված աղբահանության անցնելու, «Սևան Ազգային պարկ»-ի տարածքում տնտեսվարող սուբյեկտների հետ աղբահանության պայմանագրերի կնքման, մարզով անցնող միջպետական ու հանրապետական նշանակության ավտոճանապարհների պաշտպանիչ գոտիներում քաղաքաշինական գործունեության արգելման, Վարդենիսի բժշկական կենտրոնի, Մարտունու ծննդատան, Դպրաբակի բուժամբուլատորիայի և Ծակքարի առողջության առաջնային պահպանման կենտրոնի նոր շենքերի կառուցման մեկնարկի ժամկետների հստակեցման հետ կապված հարցերին։
Խոսվեց նաև Գավառ և Մարտունի համայնքներում մաքրման նոր կայանների կառուցման ծրագրերի ներդրման, Դդմաշենի՝ 7-րդ դարի կառույց համարվող սուրբ Թադևոս եկեղեցու հիմնանորոգման նախագծի ձեռքբերման, մարզում ազդարարման միասնական համակարգի համալրմանն ու արդիականացմանն ուղղված միջոցառումների, Վարդենիս համայնքի Նորակերտ և Խաչաղբյուր գյուղերում մանկապարտեզների նոր շենքերի կառուցման, գյուղնշանակության հողերի նպատակային օգտագործման հետ կապված հարցերի մասին։
Կարեն Սարգսյանը հանձնարարեց՝ պարբերաբար մշտադիտարկումներ անցկացնել այլ գերատեսչությունների պատվիրատվությամբ Գեղարքունիքի մարզում կառուցվող դպրոցների, մանկապարտեզների և առողջապահական հիմնարկների նոր շենքերի շինհրապարակներում և համապատասխան տեղեկատվություն ներկայացնել շինարարական աշխատանքների ընթացքի և որակի վերաբերյալ։
Խորհրդակցության ավարտին մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները ստացան այլ հանձնարարականներ ևս։