Նորություններ
ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորանքի խոսքը Ամանորի և Սուրբծննդյան տոների կապակցությամբ
31.12.2024

Սիրելի հայրենակիցներ, քիչ անց մենք հրաժեշտ ենք տալու հերթական անցնող տարվան՝ 2024 թվականին, որը Գեղարքունիքի մարզի պատմության մեջ կմնա որպես տնտեսական առաջընթացի, ենթակառուցվածքների զարգացման ու հայրենաշինության տարի։
Բավական է նկատել, որ 2024 թվականին Գեղարքունիքի մարզում կապիտալ ներդրումները կազմել են շուրջ 25 միլիարդ դրամ, ինչի շնորհիվ մեր համայնքների բնակավայրերում կառուցվել է 61200 գծամետր խմելու ջրագիծ, 34900 գծամետր ոռոգման ցանց, 61300 գծամետր լուսավորության ցանց և 2900 գծամետր գազատար։
Հիմնանորոգվել կամ միջին նորոգման է ենթարկվել 125,2 կիլոմետր երկարության միջպետական, հանրապետական, մարզային ու համայքնային նշանակության ճանապարհներ, սալարկվել 6200 գծամետր համայնքային նշանակության փողոցներ և մայթեր։
Հիմնանորոգվել են 10 բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքներ, կառուցվել կամ հիմնանորոգվել 3 կամուրջ։
Ավարտվել կամ ավարտական փուլում են գտնվում Վարդենիկի, Երանոսի, Լիճքի, Զորագյուղի, Ճամբարակի թիվ 3, Ծովասարի, Վարդենիսի Բանավանի և Գավառի թիվ 7, Սարուխանի թիվ 1, Աստղաձորի, Վարդենիկի Բանավան թաղամասի մանկապարտեզների, Սևանի երաժշտական դպրոցի շինարարական և գույքով համալրման աշխատանքները։
Շարունակվել են Բերդկունքի և Գեղամասարի մանկապարտեզների, Գեղհովիտի թիվ 2, Ներքին Գետաշենի թիվ 1, Ջիլի, Շատջրեքի միջնակարգ, Ճամբարակի թիվ 1, Լեռնակերտի հիմնական դպրոցների և Լճափի ԱԱՊԿ-ի կառուցման աշխատանքները, իսկ Վերին Գետաշենի թիվ 2, Գագարինի և Ակունքի միջնակարգ դպրոցների մարզադահլիճների կառուցման աշխատանքները գտնվում են ավարտական փուլում և շահագործման կհանձնվեն 2025 թվականի ընթացքում։
ՀՀ կառավարության կողմից իրականացվող «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում հաստատվել է 25 դպրոցների կառուցման և հիմնանորոգման աշխատանքները (10 կրթահամալիր, 8 դպրոցների կարուցում և 7 դպրոցների հիմնանորոգում կամ վերանորոգում), որոնցից մեկնարկել են Մադինայի, Կախակնի, և Փոքր Մասրիկի կրթահամալիրների կառուցման և Վաղաշենի դպրոցի հիմնանորոգման աշխատանքները։
2024 թվականին նախադպրոցական տարիքի հարյուրավոր երեխաների առջև իրենց դռները բացեցին արդի չափորոշիչներին համապատասխանող Զոլաքարի և Ծովինարի մանկապարտեզները։
Անհետաձգելի համարվող ծրագրերի համար պետական բյուջեից հատկացված 361,5 միլիոն դրամի շրջանակներում հաջողվեց կարգավորել առաջնահերթ լուծում պահանջող մի շարք հիմնախնդիրներ, որոնցից մեկն էլ 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքների վերացումն էր, որը և կարողացանք իրողություն դարձնել Սոթք բնակավայրում թվով 4 անհատական բնակելի տների կառուցմամբ ու շահագործմամբ։
Լուրջ ու տեսանելի զարգացում ապրեց մարզի առողջապահական համակարգը։ Մեր բուժհիմնարկները ոչ միայն դարձել են ինքնաբավ, այլ նաև ստեղծում են նոր կարողություններ ու խնայողություններ, որոնք ուղղվում են ոլորտի շարունակական զարգացմանն ու առաջընթացին։
Տարին չափազանց նպաստավոր էր նաև մասնավոր ներդրումային ծրագրերի իրականացման առումով:
Իրականացված հսկայածավալ ներդրումների և կարևորագույն կառույցների շնորհիվ Գեղարքունիքի մարզում լուծում են ստացել այնպիսի հիմնախնդիրներ, որոնք անլուծելի են մնացել տասնամյակներ շարունակ։
էապես բարելավվել են բնակչության կենսապայմանները, հզորացվել ու արդիականացվել ենթակառուցվածքները, ստեղծվել են նոր աշխատատեղեր:
2025 թվականին ևս մեզ սպասում են հայրենաշեն նոր ու խոշոր ծրագրեր ենթակառուցվածքների զարգացման, հանրակրթության, առողջապահության, գյուղատնտեսության, կապիտալ շինարարության և այլ ոլորտներում, որոնց կենսագործմամբ մենք կշարունակենք քայլ առաջ կատարել դեպի նոր ու հզոր, խաղաղ ու բարեկեցիկ Հայաստանի կերտումը։
Մնում է, որ բոլորս մեր հայրենիքի լուսավոր գալիքների նկատմամբ շարունակենք զինվել հույսով, հավատով, սիրով ու նվիրումով, միաբանության անսասան կամքով։
Նույն հավատով ու սիրով էլ շնորհավորում եմ հայրենի հողին կյանք ու արարում պարգևող մարդկանց Ամանորն ու Սուրբ ծնունդը, մաղթում քաջառողջություն, երկար տարիների երջանիկ ու խաղաղ կյանք, հզոր ու ծաղկուն պետություն, համահայկական նպատակների իրագործում, նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ։
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։
Լավագույն ցանկություններով՝ ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյան