Նորություններ
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը աշխատանքային այցով եղավ Գավառի բժշկական կենտրոնում
28.12.2024
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը աշխատանքային այց կատարեց Գավառի բժշկական կենտրոն` տեխնիկական վերազինումների և արևային ֆոտովոլտային կայանի տեղադրման աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով։
Մարզպետը շրջայց կատարեց հեմոդիալիզի բաժանմունքում, համակարգչային շերտավորման սարքի տեղադրման նպատակով վերակառուցվող տարածքում և արևային ֆոտովոլտային կայանի տեղադրման շինհրապարակում, զրուցեց բուժանձնակազմի և շինարարների հետ, իսկ տնօրինության հետ քննարկեց առաջնահերթ լուծում պահանջող մի շարք հարցեր։
Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի և Գավառի բժշկական կենտրոնի միջև կնքված պայմանագրի համաձայն` Գավառի ԲԿ շենքի տանիքին տեղադրվում է 150 կիլովատտ ժամ հզորության արևային ֆոտովոլտային կայան, որը ոչ միայն լիովին կբավարարի հաստատության էներգետիկ կարիքները,այլ կձևավորվի տարեկան շուրջ 13 միլիոն դրամի խնայողություն։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2024 թվականի դեկտեմբերի 20-ից և կավարտվեն 2025 թվականի հունվար ամսի ընթացքում։
Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 20 միլիոն 591 հազար դրամ, որի 20 տոկոսը ներդրում է Գավառի բժշկական կենտրոնը, 80 տոկոսը` Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը։
Գավառի ԲԿ հեմոդիալիզի բաժանմունքը վերջերս է վերազինվել նորագույն 5 ապարատներով և լաբորատորիայի ֆիլտրերով։ Նորագույն երկու ապարատները ձեռք են բերվել Գավառի համայնքապետարանի կողմից հատկացված 9,6 միլիոն դրամ դրամաշնորհի շրջանակներում, մյուս երեք ապարատները` Գավառի ԲԿ կողմից տնտեսված 14,4 միլիոն դրամի հաշվին։
Եվս 2 միլիոն դրամ հատկացվել է ֆիլտրող սարքերի ձեռքբերման համար։
Համակարգչային շերտագրման սարքի տեղադրման նպատակով վերակառուցվող տարածքի շինարարական աշխատանքների համար Գավառի ԲԿ տնտեսված միջոցներից հատկացվել է 8,8 միլիոն դրամ։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2024 թվականի դեկտեմբերից և ավարտի կհասցվեն 2025 թվականի հունվարի վերջերին։
Համակարգչային շերտագրման սարքը ձեռք կբերվի ՀՀ կառավարության կողմից տրամադրված միջոցների հաշվին։
<<Գավառի ԲԿ տանիքին արևային ֆոտովոլտային կայանի տեղադրմամբ մենք ստեղծում ենք հաստատուն կարողություններ, որոնք ուղղելու ենք բուժհաստատության շարունակական զարգացմանն ու առաջընթացին։ Սրանով մի կողմից լուծվում է հաստատության էներգետիկ ինքնաբավության խնդիրը, մյուս կողմից ձեւավորվում է նկատելի գումարի խնայողություն, որի հաշվին կիրականացվեն տեխնիկական վերազինման նոր ծրագրեր, կներդրվեն բժշկական նոր ծառայություններ։ Ինչպես տեղում հավաստեցին հեմոդիալիզի բաժանմունքի սպասարկող բժիշկները` նորագույն ապարատների ձեռքբերման շնորհիվ արդեն էապես բարձրացել է բուժսպասարկման որակը, նկատելի են դրական փոփոխությունները։
Առաջիկայում նոր ձեռքբերումներ կարձանագրվեն նաև մյուս բաժանմունքներում>>-շրջայցի ավարտին իր տպավորություններով կիսվեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։