Նորություններ
Կայացավ Գեղարքունիքի մարզի խորհրդի տարեվերջյան նիստը
23.12.2024
Դեկտեմբերի 20-ին Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքում կայացավ Գեղարքունիքի մարզի խորհրդի տարեվերջյան նիստը, որը վարեց Գեղարքունիքի մարզպետ, մարզի խորհրդի նախագահ Կարեն Սարգսյանը։
Նիստին մասնակցեցին մարզի ուժային կառույցների, համայնքների ղեկավարները, բնակավայրերի վարչական ղեկավարները, կրթական ու առողջապահական հաստատությունների տնօրենները։
Մարզի խորհրդի նիստի մեկնարկից առաջ Սարուխանի արվեստի դպրոցի սաների կատարմամբ հնչեց Հայաստանի Հանրապետության Օրհներգը։
Օրակարգում ընդգրկված էր 8 հարց, որոնք վերաբերում էին մարզի կնեսագործունեության ոլորտներում 2024 թվականին իրականացված աշխատանքների ընդհանուր արդյունքներին, ձեռքբերումներին և առաջիկա անելիքներին։
«ՀՀ Գեղարքունիքի մարզի համայնքային բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման մասին» հարցի շուրջ զեկուցմամբ հանդես եկավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Յուրա Մուշեղյանը։ Նա նշեց, որ 2024 թվականի դեկտեմբերի 20-ի արդյունքներով մարզի կատարողական ցուցանիշը կազմում է 101,2 տոկոս կամ, պլանավորված 3 միլիարդ 294 միլիոն 680 հազար դրամի դիմաց փաստացի հավաքագրվել է 3 միլիարդ 334 միլիոն 573,9 հազար դրամ: Վարդենիս համայնքը սեփական եկամուտները կատարել է 110,2, Գավառ համայնքը՝ 97,4 , Ճամբարակ համայնքը՝ 100,4 Մարտունի համայնքը՝ 101,7, Սևան համայնքը՝ 98,1 տոկոսով։
2024 թվականին մարզին հատկացված ֆինանսական համահարթեցման դոտացիան 2023 թվականի նկատմամբ աճել է 2 միլիարդ 108 միլիոն 801 հազար 100 դրամով, որը կազմում է սեփական եկամուտների 64 տոկոսը։
ՀՀ պետական բյուջեից ՀՀ Գեղարքունիքի մարզին 35 ծրագրերով հատկացվել է 18 միլիարդ 73 միլիոն 691 հազար դրամ, որից այս պահի դրությամբ փաստացի ծախսվել է 16 միլիարդ 403 միլիոն 99 հազար դրամ։
«Պետական աջակցություն սահմանամերձ համայնքներին» ծրագրով հատկացվել է 119 միլիոն դրամ, որից փաստացի ծախսվել է 118,8 միլիոն դրամ։
«ՀՀ մարզերին սուբվենցիաների տրամադրում ենթակառուցվածքների զարգացման նպատակով» ծրագրով հատկացվել է 5 միլիարդ 527 միլիոն 107 հազար 800 դրամ, որից փաստացի ֆինանսավորվել է 4 միլիարդ 225 միլիոն 353 հազար 600 դրամ, կամ 76,4 տոկոս։ Առաջնահերթ անհետաձգելի ծրագրերի իրականացման համար հատկացվել է 79 միլիոն 983 հազար 700 դրամ, որից փաստացի ծախսվել է 79 միլիոն 724 հազար 400 դրամ, կամ 99,7 տոկոս։
Առաջնահերթ լուծում պահանջող ծրագրով հատկացվել է 123 միլիոն 622 հազար դրամ, որից փաստացի ծախսվել է 110 միլիոն 347 հազար դրամ, կամ 89,3 տոկոս։
Հանրակրթական 3 մակարդակների ծրագրերով հատկացվել է 9 միլիարդ 426 միլիոն 848 հազար 400 դրամ, որից փաստացի ծախսվել է 9 միլիարդ 394 միլիոն 616 հազար 200 դրամ, մնացած 32 միլիոն 232 հազար դրամը գտնվում է վճարման փուլում։
Ուսուցիչների կամավոր ատեստավորում ծրագրով նախատեսված 347 միլիոն 574 հազար 500 դրամի դիմաց փաստացի վճարվել է 342 միլիոն 224 հազար 400 դրամ, կամ 98,5 տոկոս։
Համայնքներում սոցիալական խմբի 1-5 տարեկան երեխանների նախադպրոցական կրթության ապահովվում ծրագրով նախատեսված 102 միլիոն 90 հազար 800 դրամն ամբողջությամբ ծախսվել է։
Պետական հիմնարկներում սոցիալական փաթեթից օգտվողներին հատուցում ծրագրով նախատեսվել է 301 միլիոն 120 հազար դրամ, որից փաստացի ծախսվել է 270 միլիոն 266.1 հազար դրամը, մնացածը գտնվում է վճարման փուլում:
«Գեղարքունիքի մարզի համայնքներում 2024 թվականի ընթացքում գյուղատնտեսության ոլորտում իրականացված աշխատանքների մասին» հարցի շուրջ զեկուցեց Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետի պարտականությունները կատարող Անդրանիկ Ջրաղացպանյանը։ Նա նշեց, որ 2024 թվականի հունվարի 1-ից -18-ն ընկած ժամանակահատվածում մարզի բոլոր տնտեսություններում իրականացվել են անասնագլխաքանակի համատարած հաշվառման աշխատանքներ: ՀՀ կառավարության կողմից 2024 թվականի ընթացքում գյուղատնտեսության ոլորտում իրականացվող օժանդակության ծրագրերի իրազեկման, ինչպես նաև դրանցից օգտվելու կարգը տնտեսվարողներին ներկայացնելու նպատակով մարզի համայնքներում, հեռավոր բնակավայրերում և սարատեղերում կազմակերպվել են հանդիպումներ և խորհրդատվություններ, որոնց մասնակցել են շուրջ 500-550 տնտեսավարողներ:
«Բուսաբուծության աջակցության ծրագրի» շրջանակներում մարզում հավաստագրված սերմերով 2619 հա գարնանացան հացահատիկային, հատիկաընդեղեն և բազմամյա մշակաբույսերով ցանք կատարած 592 շահառուներին ՀՀ կառավարության կողմից որպես սուբսիդիա հատկացվել է 205.7 միլիոն դրամ, իսկ համայնքների կողմից կատարված համատարած մոնիթորինգի աշխատանքների համար՝ 6.2 միլիոն դրամ:
«ՀՀ-ում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրի» շրջանակներում 2024 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ ձեռք է բերվել 78 միավոր գյուղատնտեսական տեխնիկա, այդ թվում՝ 25 միավոր տրակտոր: Լիզինգի գումարը կազմել է շուրջ 221.3 միլիոն դրամ, սուբսիդավորման գումարը`շուրջ 57.6 միլիոն դրամ: «Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության» ծրագրի շրջանակներում 2024 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ ձեռք է բերվել 8 միավոր սարքավորում, լիզինգի գումարը կազմել է շուրջ 40.7 միլիոն դրամ, սուբսիդավորման գումարը` շուրջ 49.4 միլիոն դրամ:
«ՀՀ-ում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության» ծրագրի շրջանակներում 2024 թվականին Սևան համայնքի Գագարին բնակավայրում կնքվել է 1 վարկային պայմանագիր՝ շուրջ 3 հեկտարի վրա ջերմատուն կառուցելու նպատակով: Ջերմատան կառուցման ներդրման արժեքը կազմում է 2.9 միլիարդ դրամ, որից 2.3 միլիարդ դրամ վարկային միջոցների տոկոսադրույքը սուբսիդավորվում է ՀՀ կառավարության կողմից: 2024 թվականին Սևան համայնքի Լճաշեն բնակավայրում ծրագրի շրջանակներում կնքվել է 1 վարկային պայմանագիր՝ 3 միլիարդ դրամի չափով՝ 5.49 հեկտարի վրա ջերմատուն կառուցելու նպատակով: 2025 թվականին նախատեսված է ևս 1.6 միլիարդ դրամի ներդրում՝ 5 հեկտարի վրա ջերմատուն կառուցելու նպատակով: 2024-2025 թվականների ծրագրի իրականացման արդյունքում կստեղծվի շուրջ 125 նոր աշխատատեղեր: «Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության» ծրագրի շրջանակում 2024 թվականի գյուղատնտեսական տարվա համար կնքվել է 9 պայմանգիր՝ շուրջ 231 հա տարածք ապահովագրելու նպատակով:
2024 թվականին մարզում ընդհանուր ցանքային տարածությունը կազմել է 33 հազար 731 հեկտար։ Ընդհանուր առմամբ, 2024 թվականին մարզում աշնանացան և գարնանացան հացահատիկային մշակաբույսերի ցանքերից ստացվել է շուրջ 39 հազար 155 տոննա հացահատիկ։ 5691 հեկտար կարտոֆիլի ցանքատարածություններից այս տարի ստացվել է շուրջ 109 հազար տոննա համախառն բերք: Կուտակվել է շուրջ 203 հազար 213 տոննա խոտ և 23 հազար 587 տոննա ծղոտ։
Կատարվել է 10 հազար 381 հեկտար աշնանացան ցորենի ցանք: Իրականացվել է 28565 գլուխ խոշոր եղջերավոր կենդանիների համարակալում: Աշխատանքներն ընթացքի մեջ են:
Իրականացվել են 691252 հատ հակահամաճարակային միջոցառումներ, գյուղատնտեսական կենդանիների շրջանում այս տարի համաճարակային դեպքեր չեն արձանագրվել:
«Գեղարքունիք» ՋՕԸ-ի կողմից 2024 թվականին իրականացվել է ոռոգում 1820.3 հեկտարի վրա։
Ջրօգտագործողների հետ կնքվել է 7411 պայմանագիր:
2024 թվականին տրված ջրի դիմաց հասույթը կազմել է 57 միլիոն դրամ, գանձվել է 63 միլիոն դրամ:
«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից ջրածածկ և ջրածածկման ենթակա տարածքներից այս տարի մաքրվել է ավելի քան 15 հեկտար տարածք: Վարդենիսի Արեգունի տեղամասում 5 հեկտար տարածքի վրա իրականացվել են ծառատնկման աշխատանքներ՝ 10000 տնկիներով:
«Սևանի իշխան» ՓԲԸ-ի կողմից Սևանա լիճ է բաց թողնվել «Գեղարքունի» և «Ամառային» իշխանի կենսունակ մանրաձկան երկու խմբաքանակներ՝ շուրջ 387.000 հատ: «Սևանա լճում 2024 թվականի նոյեմբերի 15-ից մինչև 2025 թվականի հունվարի 20-ը ներառյալ» սիգի ձվադրման որսի արգելքից ելնելով խստացված ռեժիմ կիրառելու արդյունքում ներկայումս ձկան որս չի իրականացվում:
«ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կրթության մշակույթի սպորտի վարչության կողմից 2024 թվականի ընթացքում իրականացված աշխատանքների մասին» հարցի շուրջ զեկուցեց Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Զազյանը։ Նա նշեց, որ 2024-2025 ուսումնական տարվա առաջին կիսամյակում հանրակրթական 124 դպրոցները կոմպլեկտավորվել են 28888 աշակերտներով։ 2023-2024 ուս տարվա համեմատ աշակերտների թիվն ավելացել է 467-ով։ Մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններում 2024 թվականին գործել է 59 նախակրթարան՝ 1092 սանով, որից նոր ստեղծված 8 նախակրթարան անցում է կատարել ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորման: Անցած ուսումնական տարում հանրակրթական դպրոցներից օլիմպիադայի ներդպրոցական փուլին մասնակցել են 8511 աշակերտներ , որից մարզային փուլին՝ 426-ը: Իսկ արդյունքում հանրապետական փուլին մասնակցած 70 աշակերտներ ապահովել են 13 դիպլոմ և 10 գովասանագիր։
2023-2024 ուսումնական տարում մարզի դպրոցների 1509 շրջանավարտներից ԲՈՒՀ են դիմել 922-ը , որից ընդունվել են 672-ը: Ներկայումս դպրոցներում աշխատում են 266 կամավոր ատեստավորված ուսուցիչներ, իսկ 2024թ. նոյեմբեր ամսվա ընթացքում մասնակցած շուրջ 350 ուսուցիչների արդյունքները կամփոփվեն բողոքարկման ժամկետների ավարտից հետո: 2024 թվականին ուսուցիչների հերթական պարտադիր ատեստավորման նպատակով վերապատրաստվել են 266 ուսուցիչներ: Ներկայումս մարզում գործում է 55 մանկապարտեզ և 9 այլընտրանքային ծառայության ծրագրով իրականացվող նախադպրոցական հաստատություններ, որտեղ 165 խմբում հաճախել է՝ 4069 սան։ 2024 թվականին Զոլաքար և Ծովինար բնակավայրերում բացվել է մանկապարտեզներ , որի արդյունքում ավելացել է 7 խումբ՝ 193 սանով: Սպորտի և մշակույթի բնագավառում մարզում անցկացվել է «ՀՀ Վարչապետի գավաթ» սեղանի թենիսի, դպրոցականների թիմային խճուղավազքի, խճուղային հեծանվավազքի և լողի սիրողական մրցաշարեր, որին մասնակցել են շուրջ 600 մարզիկներ: ԿԳՄՍ նախարարության կողմից մարզի բոլոր միջնակարգ դպրոցներին նվիրաբերվել են 6-ական, հիմնական դպրոցներին 2-ական, իսկ ավագ դպրոցներին 4-ական հեծանիվներ։
Մարզի լավագույն մարզիկները և թիմերը մասնակցել են Աշխարհի և Եվրոպայի առաջնություններին, միջազգային և հանրապետական մրցաշարերի՝ գրավելով տարբեր մրցանակային տեղեր: Վերը նշվածից բացի, մարզում մասայական սպորտի բնագավառում կազմակերպվել են շախմատի, վոլեյբոլի, բռնքամարտի, բազկամարտի, ըմբշամարտի, մինի ֆուտբոլի առաջնություններ: «Գեղարքունիքի երկրագիտական թանգարան» ՊՈԱԿ են այցելել 2014 դպրոցականներ, իսկ «ՀՀ Գեղարքունիքի մարզի Լ. Քալանթարի անվան դրամատիկական թատրոն» ՊՈԱԿ՝ 6172 դպրոցականներ: ՀՀ Գեղարքունիքի մարզպետի նախաձեռնությամբ և ԿԳՄՍ նախարարի աջակցությամբ մարտ-ապրիլ ամիսներին անցկացվել է թատերական երկամսյակ, որի շրջանակներում հյուրընկալել և ներկայացումներով հանդես են եկել 9 թատերախմբեր Երևանից և ՀՀ տարբեր մարզերից: Հանդիսատեսների ընդհանուր թիվը կազմել է շուրջ 3000։ Նոր շենքերի կառուցումները շարունակվել են Ներքին Գետաշենի թիվ 1, Գեղհովիտի թիվ 2, Ջիլի, Շատջրեքի միջնակարգ, Լեռնակերտի և Ճամբարակի թիվ 1 հիմնական դպրոցներում։ Ավարտին է մոտենում 3 դպրոցների մարզադահլիճների կառուցման և ամբողջական գույքով համալրման գործընթացը՝ Ակունքի, Վերին Գետաշենի թիվ 2 և Գագարինի միջնակարգ դպրոցներում: ՀՀ կառավարության „300 դպրոց, 500 մանկապարտեզի հիմնանորոգում, կառուցում“ ծրագրում ընդգրկված են 10 կրթահամալիրներ ՝ Մադինա, Մաքենիս , Շատվան, Կախակն, Արեգունի, Փոքր Մասրիկ, Արփունք, Թթուջուր, Մարտունի, Դպրաբակ բնակավայրերում, որոնցից Փոքր Մասրիկ, Կախակն և Մադինա բնակավայրերում ներկայումս ընթանում են նոր դպրոցական շենքերի կառուցման աշխատանքներ: Վերոնշյալ որոշման ցանկում ընդգրկված են նաև նոր կառուցվող 6 դպրոցներ ՝ Գավառի թիվ 5 հիմնական, Գավառի թիվ 7 միջնակարգ, Սևանի թիվ 3 հիմնական, Ծովինարի միջնակարգ, Լիճքի հիմնական և Վարդենիսի թիվ 3 հիմնական դպրոցները: Գեղարքունիքի մարզպետի կողմից առաջարկվել և վերոնշյալ որոշման ցանկի մեջ են արդեն ընդգրկել նաև Գավառի N 1 հիմնական և Վաղաշենի միջնակարգ դպրոցները։ Նոր դպրոցական շենքի կառուցման ծրագրում է ընդգրկված նաև Երանոսի թիվ 2 միջնակարգ դպրոցը, որի արդյունքում ունենք ծրագրում ընդգրկված 19 հանրակրթական ուսումնական հաստատություններ: Հաշվետու ժամանակահատվածում մարզի 11 նախադպրոցական ուսումնական հաստատություններում իրականացվել է կառուցման, հիմնանորոգման և գույքով ապահովման գործընթաց: Ներկայումս ընթացքի մեջ է Վարդենիկի և Ծովասարի մանկապարտեզների համար գույքի մատակարարումը, իսկ 2025 թվականին գույքով կհամալրվեն Բերդկունքի, Վարդենիսի Բանավան թաղամասի, Գեղամասար բնակավայրի, Ճամբարակի թիվ 3, Աստղաձորի մանկապարտեզները և կհանձնվեն շահագործման: 2025-2026 թվականներին համայնքների սուբվենցիոն ծրագրերում ընդգրկվելու են ևս 21 մանկապարտեզների կառուցման, հիմնանորոգման , վերանորոգման և գույքով համալրման աշխատանքներ: Մարզում նախատեսվող 10 կրթահամալիրների կառուցման ավարտից հետո, այդ կրթօջախներում ևս կիրականացվի նախադպրոցական կրթություն՝ որտեղ ընդգրկված կլինեն նաև նախադպրոցական ուսումնական հաստատություն չունեցող հարակից բնակավայրերի երեխաները: Մարզպետի աշխատակազմի ուշադրության կենտրոնում են նաև այն բնակավայրերը, որտեղ բացակայում կամ չեն բավարարում գործող մանկապարտեզների հզորությունները, այդիսկ պատճառով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն է ներկայացվել ևս 11 բնակավայրերում նոր մանկապարտեզների կառուցման առաջարկություն: Վարսերի, Վանևանի և Ճամբարակի թիվ 4 միջնակարգ դպրոցները արդեն իսկ ապահովվել են ջեռուցման լոկալ համակարգով: ՄԱԿ-ի «Պարենի համաշխարհային ծրագրով“ հաստատված 6 դպրոցներում ընթանում է արևային պանելների տեղադրման ծրագիրը՝ Կարմիրգյուղի 1, Նորատուսի 2, Նորատուսի 3, Զովաբերի, Նորաշենի, Այգուտի դպրոցներում: ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից մարզի 53 հանրակրթական դպրոցներին տրամադրվող լաբորատոր սարքավորումները պատշաճ պայմաններում տեղակայելու նպատակով ՀՀ Գեղարքունիքի մարզպետի նախաձեռնությամբ նախատեսվել և իրականացման փուլում են 152 համապատասխան դասասենյակների վերանորոգման, արդիականացման աշխատանքները: Համապատասխան գերատեսչություններ է ուղարկվել 10 դպրոցների կողմից մարզադահլիճների վերանորոգման և գույքի ձեռքբերման համար նախագծային փաստաթղթերը՝ ՀՀ կառավարության համապատասխան որոշման մեջ կամ որևէ ծրագրում ընդգրկելու նպատակով:
«ՀՀ Գեղարքունիքի մարզի համայնքներում 2024 թվականի ընթացքում սուբվենցիոն անհետաձգելի համարվող ծրագրերով իրականացված շինարարական աշխատանքների մասին» հարցի շուրջ զեկուցեց Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Սասուն Սահակյանը։ Նա նշեց, որ 2021-2023 թվականներից և 2024 թվականին միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հաստատվել է 226 ենթածրագիր։
2024 թվականին միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հաստատվել են թվով 18 ծրագրեր՝112 ենթածրագրերով, որոնց նախահաշվային ընդհանուր արժեքը կազմել է 11,2 միլիարդ դրամ։
2024 թվականին ամբողջությամբ ավարտվել են 2021-2024 թվականնների ենթածրագրերից 130-ը, 87 ենթածրագիր տեղափոխվում է 2025 թվական, իսկ 9 ենթածրագրեր չեն իրականացվելու։
ՀՀ կառավարության տարբեր որոշումներով 2024 թվականին իրականացված սուբվենցիոն ծրագրերի ՀՀ կառավարության մասնաբաժնի վճարման նպատակով հատկացվել է 5,5 միլիարդ դրամ, որից փաստացի վճարվել է 4,2 միլիարդ դրամը ։ Վճարումները շարունակվելու են մինչև տարեվերջ։
Մարզում սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում 2024 թվականի ընթացքում կառուցվել է 61200 գծամետր խմելու ջրագիծ, 34900 գծամետր ոռոգման ցանց, 61300 գծամետր լուսավորության ցանց և 2900 գծամետր գազատար։ Ասֆալտապատվել է 31,1 կմ համայնքային նշանակության փողոցներ, սալարկվել է 6200 գծամետր համայնքային նշանակության փողոցներ և մայթեր։ Հիմնանորոգվել են 10 բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքներ, Գավառ համայնքում կառուցվել են թվով 6 խաղահրապարակներ։
Ավարտվել կամ ավարտման փուլում են գտնվում Վարդենիկի, Երանոսի, Լիճքի, Ձորագյուղի, Ճամբարակի թիվ 3 և Գավառի թիվ 7 մանկապարտեզների շինարարական աշխատանքները։ Հայրավանք և Բերդկունք բնակավայրերի մանկապարտեզի շինարարական աշխատանքները ընթացքի մեջ են և կավարտվեն 2025 թվականին։
2024 թվականին 2023 թվականի համեմատ պետական բյուջեից անհետաձգելի համարվող ծրագրերի համար 2024 թվականին հատկացվել է 361,5 միլիոն դրամ, որի շրջանակներում Սոթք բնակավայրում կառուցվել են 4 անհատական բնակելի տներ, վերականգնվել են Մարտունի համայնքի Զոլաքար և Աստղաձոր բնակավայրերի միջհամայնքային ճանապարհների փլվածքները, իսկ Ճամբարակ քաղաքի Գ․ Նժդեհ փողոցի սկզբնամասում գտնվող հենապատը և փլված կամրջի, Վարդենիս համայնքի Գեղամասար բնակավայրի մանկապարտեզի շենքի հիմնանորոգման, Վարդենիս-Այրք-Վերին Շորժա 14 կմ երկարության մարզային նշանակության ավտոճանապարհի կոպճային ծածկով անցանելիության ապահովման աշխատանքները գտնվում են ավարտական փուլում։
«ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության կողմից 2024 թվականի ընթացքում իրականացված և առաջիկայում իրականացվելիք աշխատանքների մասին» հարցի շուրջ զեկուցեց մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության վարչության պետ Լուսինե Վարդանյանը։ Նա նշեց, որ 2024 թվականի հաշվետու ժամանակահատվածում մարզի առողջապահական հիմնարկների բյուջեի կատարողականը կազմել է 4 միլիարդ 951 միլիոն դրամ, որը 2023 թվականի համեմատ ավել է կատարվել շուրջ 200 միլիոն դրամով։ Մարզի առողջապահական հիմնարկներում այս տարվա ընթացքում ներդրվել է վեց նոր ծառայություն։ Շահագործման է հանձնվել նոր կառուցված և սարքավորումներով ու գույքով վերազինված Մարտունու բժշկական կենտրոնի նոր շենքը։
Ընթացքի մեջ է Լճափի ԱԱՊԿ նոր շենքի կառուցումը, որը նախատեսված է շահագործման հանձնել 2025 թվականին։ Ֆրանսիայի Իզերի դեպարտամենտի և Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի համագործակցության արդյունքում կապիտալ վերանորոգվել և վերազինվել է Ծովինարի բուժամբուլատորիան։ Նույն համագործակցության ծրագրերի շրջանակներում ֆրանսիական կողմի միջոցներով 2025 թվականին կհիմնանորոգվեն և կվերազինվեն Վերին Գետաշենի բուժամբուլատորիայի և Արծվանիստի ԱԱՊԿ շենքերը։ Մարտունու ծննդատանը վերանորոգվել և կահավորվել է ներարգանդային սերմնավորման ծառայություն մատուցող կաբինետը, որը կգործի 2025 թվականի փետրվարից։
ՄԱԿ-ի հետ համագործակցության շրջանակներում Սոթքում տեղադրվել է մոդուլային ԲՄԿ, իսկ ԿԽՄԿ-ի հետ համագործակցության արդյունքում կառուցվում և մինչև տարեվերջ նախատեսված է ավարտել Շատվանի ԲՄԿ-ի նոր տիպային շենքը։ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի և տարբեր միջազգային կազմակերպությունների համագործակցության արդյունքում ջրատաքացուցիչներ և արևային ֆոտովոլտային կայաններ են տեղադրվել և առաջիկայում կտեղադրվեն մարզի առողջապահական հիմնարկներում։ 2024 թվականի սեպտեմբերից շարժական մամոգրաֆը մեկ տարի ժամկետով գտնվում է Գեղարքունիքի մարզում։ Հետազոտությունը և դրանից բխող բուժումներն ու այլ հետազոտություններն իրականացվում են պետական պատվերի շրջանակներում։
2024 թվականի հաշվետու ժամանակաշրջանում մարզպետի աշխատակազմի կողմից 32 միլիոն 470 հազար դրամ տրամադրվել է 875 սոցիալապես անապահով կարիքավոր ընտանիքների: Մարզի առավել անապահով, զոհված և վիրավորում ստացած ազատամարտիկների, ծնողազուրկ, բազմազավակ և ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների 298 երեխա հանգստացել են «Հասմիկ» և «Արագած» ամառային ճամբարներում: Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում «Արարատ» մոր և մանկան առողջարանում և «Ապարան» վերականգնողական- առողջարանային կենտրոնում վերականգնողական բուժում է ստացել առողջական խնդիրներ ունեցող 49 երեխա։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Սլովենիայի «Մարդու անվտանգության խթանում» (ITF) կազմակերպության համագործակցության շրջանակում Սլովենիայի Կարմիր Խաչի Առողջության և երիտասարդության՝ «Դեբելի Ռտիչի» հանգստավայրում Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների ընտանիքների 16 երեխաներ մասնակցել են սոցիալ-հոգեբանական վերականգնողական դասընթացների։
«ՀՀ Գեղարքունիքի մարզի համայնքներում 2024 թվականի ընթացքում իրականացված իրավական մասնագիտական հսկողության, աղբահանության բնագավառում կատարված աշխատանքների և համայնքային ծառայողների մրցույթների արդյունքների մասին» հարցի շուրջ զեկուցեց մարզպետի աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետ Վանիկ Հարությունյանը։ Նա նշեց, որ 2024 թվականի ընթացքում իրավական մասնագիտական հսկողության շրջանակներում ուսումնասիրություններ կատարվել են մարզի Մարտունի, Ճամբարակ, Վարդենիս և Սևան համայնքներում: Արձանագրվել են 76 թերություններ։ Կազմվել են համապատասխան արձանագրություններ և առաջարկվել են համայնքների ղեկավարներին՝ սահմանված ժամկետներում շտկել թերությունները և ձեռնարկել միջոցներ՝ հետագայում նմանատիպ բացթաղումները և թերությունները չկրկնելու նպատակով:
2024 թվականին մարզի համայնքներում հայտարարվել են համայնքային ծառայության 108 մրցույթներ, պաշտոնի են նշանակվել 57 համայնքային ծառայողներ։ 51 հայտարարված մրցույթները չեն կայացել՝ դիմողներ չլինելու պատճառով։ Տարվա ընթացքում հայտարարվել է 47 ՀՈԱԿ-ների տնօրենների մրցույթներ, կայացել է 9 մրցույթ, պաշտոնի նշանակվել են 8 տնօրեններ, 38 հայտարարված մրցույթները չեն կայացել՝ դիմողներ չլինելու պատճառով։
2024 թվականին մարզի 5 համայնքներում 6 կոմունալ ՀՈԱԿ-ները աղբահանությունն իրականացրել են 40 ավտոմեքենաների միջոցով, 1340 միավոր աղբարկղերով և աղբը տեղափոխվել է մարզի 17 աղբավայրեր։ Մարզի համայնքներում զգալի աշխատանքներ են կատարվել աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտում, ավելացել են վարձավճար վճարող քաղաքացիների և տնտեսվարող սյուբեկտների թիվը։
«ՀՀ Գեղարքունիքի մարզի համայնքներում 2024 թվականի ընթացքում հողամասերի նպատակային նշանակությունների փոփոխման քաղաքաշինական նախագծային փաստաթղթերը ՀՀ քաղաքաշինության կոմիտե ներկայացման մասին» հարցի շուրջ զեկուցեց մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության հողաշինության բաժնի պետ Մարատ Ղուրշուդյանը։ Նա նշեց, որ 2024 թվականի ընթացքում ՀՀ քաղաքաշինության կոմիտե և նախարարություն են ներկայացվել 31 հողաշինարարական գործեր: Ուղարկված գործերից դրական եզրակացություններ են ներկայացվել 17 հողամասերի նպատակային նշանակության փոփոխման վերաբերյալ, իսկ մնացած 14 գործերը գտնվում են քննարկման փուլում՝ համապատասխան գերատեսչություններում։ Նշված հողամասերի նպատակային նշանակությունները փոխվել են ընդերքօգտագործման, կրթահամալիրների, բջջային կայանների, արևային կայանների, էլեկտրահաղորդման գծերի, ջրընդունիչների և ենթակայանների կառուցման նպատակով: 2024 թվականի ընթացքում համայնքների կողմից ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ են ներկայացվել 43 քաղաքաշինական գործունեության իրականացման նախագծեր: Վերոնշյալ որոշումներով սահմանված որոշակի փաստաթղթերի բացակայության պատճառով մարզպետի աշխատակազմի կողմից 13 նախագծեր վերադարձվել են լրամշակման: 30 նախագծեր ներկայացվել են ՀՀ քաղաքաշինական կոմիտեի համաձայնեցման: Կոմիտեի կողմից 5 նախագծերի համար տրվել են դրական եզրակացություններ, 17-ը վերադարձվել են լրամշակման, իսկ 8-ը դեռևս գտնվում են քննարկման փուլում:
2024 թվականի նոյեմբերի 15- դրությամբ մարզի 5 համայնքներում աճուրդ վաճառքով օտարվել են համայնքային սեփականության 72.3 հեկտար հողամասեր՝ 213.8 միլիոն դրամ արժեքով։ 2024 թվականի ընթացքում մարզպետի կողմից տրվել են դրական եզրակացություններ մարզի համայնքների վարչական սահմաններում ընդգրկված պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 2013.87 հեկտար արոտավայրերի, 22 հեկտար խոտհարքների, 90.06197 հեկտար վարելահողերի և 42 հեկտար այլ հողատեսքերի վարձակալության տրամադրելու վերաբերյալ: Նշված հողամասերը սահմանված կարգով տրվել են վարձակալության:
«ՀՀ Գեղարքունիքի մարզի պետական և համայնքային նշանակության ավտոճանապարհների 2024 թվականի ընթացքում իրականացված ընթացիկ ամառային և ձմեռային պահպանության աշխատանքների մասին» հարցի շուրջ զեկուցեց մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության գլխավոր մասնագետ Գևորգ Խաչատրյանը։ Նա նշեց, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի միջոցով ընթացիկ ամառային պահպանություն է իրականացվում 318,1կմ և ձմեռային պահպանություն 401,1կմ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վրա, որի նպատակով ՀՀ պետական բյուջեից հատկացվել է շուրջ 965 միլիոն դրամ։ Նույն ժամանակահատվածում ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի պատվիրատվությամբ իրականացվում է նաև մարզային նշանակության 177 կմ ընթացիկ ամառային և 224,8 կմ ձմեռային պահպանության աշխատանքներ, որի նպատակով սպասարկող կազմակերպությունների հետ կնքվել է 271,4 միլիոն դրամի սպասարկման պայմանագրեր։
Սպասարկման աշխատանքներն իրականացվում են թվով 6 կազմակերպությունների միջոցով՝ ներգրավվելով 66 միավոր մեքենամեխանիզմներ։ Ավտոճանապարհների ձմեռային պահպանության ժամանակ ծախսվել է շուրջ 12300 խորանարդ մետր աղի և ավազի խառնուրդ։ Մարզային նշանակության ճանապարհների սպասարկման վերահսկողության ժամանակ հայտնաբերված թերությունների նկատմամբ Մարզպետի աշխատակազմի կողմից կիրառվել են ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված նվազեցման գործակիցներ, որի արդյունքում ՀՀ պետական բյուջե է վերադարձվել 17,5 միլիոն դրամ։ Մարզային նշանակության ճանապարհների ընթացիկ ամառային պահպանության շրջանակներում իրականացվել է շուրջ 7500 քմ փոսային նորոգումներ, ճաքալցումներ, ջրահեռացման վաքերի և առուների մաքրում, կողնակների հարթեցում և լրացում, ինչպես նաև սպասարկման համար նախատեսված այլ աշխատանքներ։ Վերանորոգվել են թվով 145 և տեղադրվել 43 նոր ճանապարհային նշաններ։ Անհրաժեշտությունից ելնելով իրականացվել են ճանապարհի երթևեկելի մասում բերվածքների մաքրման, կողնակների խոտհունձի և աղբի հեռացման աշխատանքներ։ Իրականացվել է նաև 4749 գծամետր մետաղական արգելափակոցների պահպանության աշխատանքներ։
Մարզպետի աշխատակազմի կողմից ձեռք են բերվել մարզային նշանակության ավտոճանապարհների երթևեկության կազմակերպման սխեմաներ, որի հիման վրա իրականացվել են շուրջ 160 կմ ճանապարհների գծանշման աշխատանքներ։
Համայնքային նշանակության փողոցների ձմեռային պահպանության աշխատանքներում ներգրավվել են 41 միավոր մեքենամեխանիզմներ։
Նիստի աշխատանքներն ամփոփեց Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի խորհրդի նախագահ Կարեն Սարգսյանը։ Մարզպետը համատեղ ու արդյունավետ աշխատանքի, կենսագործունեության բոլոր ոլորտներում արձանագրված ձեռքբերումների համար շնորհակալություն հայտնեց համայնքների և այլ գերատեսչությունների ղեկավարներին, մարզային ենթակայության հիմնարկների տնօրեններին և շնորհավորեց նրանց Ամանորի և Սուրբծննդյան տոների կապակցությամբ։