Նորություններ
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը
16.12.2024
Դեկտեմբերի 16-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների հետ անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը։
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին գույքի իրացումից տեղական բյուջե մուտք եղած գումարների ընդհանուր արդյունքների ամփոփ տեղեկատվության ներկայացման, սուբվենցիոն ու այլ գերատեսչությունների և հիմնադրամների պատվիրատվությամբ իրականացվող ծրագրերի ընթացքի, ճանապարհների ձմեռային սպասարկման, դպրոցների լաբորատորիաների վերանորոգման ու տեխնիկական վերազինման գործընթացի, բնակավայրերում թափառող կենդանիների խնդրի կարգավորման նպատակով նոր ծրագրի ներդրման հետ կապված հարցեր։
Խոսվեց նաև մարզի համայնքներում անցկացված վարչական վերահսկողության արդյունքների, Մարտունի-Վարդենիկ մարզային նշանակության ճանապարհի Զոլաքար ու Աստղաձոր բնակավայրերի հատվածներում առաջացած փլվածքի վերականգման, Գավառի, Մարտունու, Վարդենիսի, Սևանի բժշկական կենտրոնների ու Ճամբարակի առողջության կենտրոնի տանիքներին արևային ֆոտովոլտային կայանների տեղադրման ծրագրի ընթացքի, ապօրինի հանքօգտագործման դեպքերի բացահայտման ու կանխման հետ կապված հարցերի մասին։
Կարեն Սարգսյանը հանձնարարեց՝ առաջիկայում կայանալիք մարզխորհրդի տարեվերջյան նիստում ամփոփ զեկույցներ ներկայացնել կրթության, առողջապահության, քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության, սոցիալական, մշակութային ու մարզական ոլորտներում իրականացված ծրագրերի արդյունքների, ձեռքբերումների ու առաջիկա անելիքների մասին։
Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները ստացան նաև այլ հանձնարարականներ։