Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության Միջազգային Համագործակցության Ընկերության ծրագրերի ղեկավարին

10.12.2024

Դեկտեմբերի 9-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության Միջազգային Համագործակցության Ընկերության ծրագրերի ղեկավար Օլգա Վայգելին, տեխնիկական ինժեներ Կրիստիան Շտերցին, փորձագետ Ֆրանկ Սամոլին, «EU-4 Sevan» ծրագրի թիմի ղեկավար Ալեքսանդր Առաքելյանին, նույն ծրագրի խորհրդական Էդգար Փիրումյանին և Գեղարքունիքի մարզային համակարգող Վարազդատ Սարգսյանին։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին «EU-4 Sevan» ծրագրի իրականացման արդյունքների, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի և Գերմանիայի Միջազգային Համագործակցության Ընկերության միջև հաստատված համագործակցության ընթացքի ու շարունակման հետ կապված հարցեր։
Շնորհակալության հայտնելով ծրագրի թիմին ընդունելու և ծավալված համագործակցության համար՝ Օլգա Վայգելը նաև տեղեկացրեց, որ իրենց կողմից ներդրվելու է Գեղարքունիքի մարզում ջրային ռեսուրսների և կեղտաջրերի կառավարման ոլորտին ուղղված նոր ծրագիր, որը լինելու է «EU-4 Sevan» ծրագրի տրամաբանական շարունակությունը։
Տնտեսական ու բնապահպանական կարևոր նշանակության այս ծրագիրն ընդգրկելու է ոչ միայն Սևանա լճի ջրահավաք ավազանը, այլ նաև նրա անմիջական ազդեցությամբ գտնվող տարածքներն ու կառույցները։
Այժմ պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների, շահագրգիռ այլ կառույցների հետ համագործակցությամբ ընթանում են փորձագիտական ու հետազոտական աշխատանքներ՝ ծրագրի նախագիծը վերջնական տեսքի բերելու համար, որը և, ամենայն հավանականությամբ, գործողության մեջ կդրվի 2025 թվականի վերջերից։
Մարզպետ Կարեն Սարգսյանը Սևանա լճի հիմնախնդիրների կարգավորմանն ուղղված արդյունավետ ծրագրերի իրականացման համար շնորհակալություն հայտնեց հյուրերին, միաժամանակ վստահեցնելով, որ Գերմանիայի Միջազգային Համագործակցության Ընկերության և Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի համագործակցությունը կշարունակվի անխափան կերպով։
«Այն բոլոր պարտավորությունները, որ մինչ այժմ ստանձնել ենք մենք «EU-4 Sevan» ծրագրի շրջանակներում, իրականացրել ու իրականացնում ենք ամբողջ ծավալով, իսկ ձեռք բերած արդյունքները միանգամայն գոհացուցիչ ու տեսանելի են։ Կարծում եմ, որ հերթական ծրագրի նախագծման ու իրականացման դեպքում էլ կունենանք նույն պատկերը»,-հավաստիացրեց մարզպետը։
Հանդիպման ավարտին Կարեն Սարգսյանը մանրամասն պարզաբանումներ տվեց փորձագետների կողմից առաջադրված հարցերին, որոնք առնչվում էին Սևանա լճի և նրա ջրահավաք ավազանի ջրային ռեսուրսների կառավարմանը, շրջակա միջավայրի վրա գլոբալ տաքացման թողած ազդեցություններին, բնապահպանական ոլորտում իրականացվող պետական ծրագրերի իրականացման ուղղություններին։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-21 18:15:12