Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

2022 թվականին Գեղարքունիքի մարզի բնակավայրերի դեմ ձեռնարկված ռազմական ագրեսիայի հետևանքներն ամբողջությամբ վերացված են

09.12.2024


ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը և Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը նորակառույց 4 տների բանալիները հանձնեցին շահառուներին՝ Սոթք գյուղի բնակիչներ Հովակիմ Աբրահամյանին, Լյովա Բազոյանին, Ստանիսլավ Գալստյանին և Արաքսյա Առուստամյանին, որոնց տները հիմնովին քանդվել էին 2022 թվականի սեպտեմբերին՝ ադրբեջանական ռազմական ագրեսիայի արդյունքում։
Հրետակոծության արդյունքում քանդված 4 բնակարանները հիմքից կառուցվել ու բնակարանատերերին են հանձնվել ՀՀ պետբյուջեի կողմից տրամադրած միջոցների հաշվին։
Շինարարական աշխատանքների ընդհանուր արժեքը կազմում է 120 միլիոն 66 հազար 500 դրամ։
Աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի նոյեմբերից և ավարտվել 2024 թվականի նոյեմբերին։
Ողջույնի և շնորհավորանքի խոսքերով հանդես եկան ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը և Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։
«Ես կարևորում եմ այն հանգամանքը, որ պետության աջակցությամբ մեր այն քաղաքացիները, ովքեր տուժել են ռազմական ագրեսիայի արդյունքում, արդեն հնարավորություն ունեն՝ Նոր տարին դիմավորելու նորակառույց բնակարաններում՝ հետևում թողնելով այն բոլոր դժվարությունները, որոնք կրել են այդ ընթացքում։ Շնորհավորում եմ նաև մեր գործընկերներին ու շինարարներին, որոնց ջանքերի շնորհիվ հաջողվեց մեկ տարվա ընթացքում ավարտել բոլոր աշխատանքները։ Միաժամանակ ցանկանում եմ, որ այսուհետ դուք բոլոր տարիներն անցկացնեք խաղաղ միջավայրում, ձեր ընտանիքերում շարունակվեն համալրումները, իսկ մենք այս տեղերով անցնելիս ուրախանանք ձեր ձեռքբերումներով»,-ներկայացրեց նախարարը։
«Ուզում եմ փոքր-ինչ հետ գնալ՝ իրավիճակը հիմնովին ներկայացնելու համար։ 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայից անմիջապես հետո մենք տեղում գնահատել ենք բոլոր կարիքները և փուլ առ փուլ իրականացրել ագրեսիայի հետևանքների վերացման հետ կապված բոլոր քայլերը։
Առաջին փուլում պետական միջոցներով կարողացանք վերականգնել վնասված ենթակառուցվածքները, հաջորդ փուլերում՝ վնասված 158 բնակարանները և հանրային նշանակության շենքերը։ Մեր գնահատման արդյունքում պարզ դարձավ, որ վերականգնման ենթակա չեն միայն 4 բնակելի տներ, որոնց կառուցումը սկսեցինք հիմքից։
2023 թվականի առաջին կիսամյակի դրությամբ Սոթքում և հրետակոծությունից տուժած մյուս բնակավայրերում արդեն վերացված էին փոքր ու միջին չափի վնասների հետևանքները, իսկ այսօր, այս 4 բնակարանամուտերի արարողությամբ, արդեն վստահաբար ասում ենք, որ 2022 թվականին մեր բնակավայրերի դեմ ձեռնարկված ռազմական ագրեսիայի հետևանքներն ամբողջությամբ վերացված են։ Միաժամանակ պետք է շեշտեմ, որ 2024 թվականին Սոթքում, ՀՀ օրենքով սահմանված կարգով, մետաղական հանքավայրերի շահագործման արդյունքում ազդակիր համայնքներին տրվող բնապահանական վճարների հաշվին հիմնանորոգվել է կենտրոնական ճանապարհը, կառուցվել ոռոգման համակարգ, իսկ սահմանամերձ բնակավայրերում պետական աջակցությամբ իրականացվող բնակարանաշինության ծրագրի շրջանակներում այս պահին կառուցվում է 15 բնակարան։
Այնպես որ, Սոթքի բնակիչներն ամուր են կանգնած իրենց հողի վրա և իրենց գյուղը զարգացնելու և ծաղկեցնելու համար անում են հնարավորը»,-նշեց մարզպետը։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-21 18:15:12