Նորություններ
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը խորհրդակցություն անցկացրեց մարզի հիվանդանոցների տնօրենների հետ
05.12.2024
Դեկտեմբերի 4-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը խորհրդակցություն անցկացրեց մարզում հիվանդանոցային ծառայություններ իրականացնող բուժհիմնարկների տնօրենների հետ։
Խորհրդակցության ընթացքում Կարեն Սարգսյանը Մարտունու, Գավառի, Սևանի, Վարդենիսի ԲԿ-ների և Ճամբարակի առողջության կենտրոնի տնօրենների հետ քննարկեց բուժհիմնարկներում գոյացած ազատ միջոցներով տեխնիկական նոր վերազինումների իրականացման խնդիրը։
Մարզպետը հանձնարարեց` սեղմ ժամկետներում գույքագրել տեխնիկական վերազինումների հետ կապված առաջնահերթություններն ու կարիքները, հիվանդանոցային ծառայությունների մատուցումից գոյացած ազատ միջոցները և հայտարարել համապատասխան մրցույթներ` նոր տեխնիկական վերազինումների համար, որոնց շնորհիվ բուժհիմնարկներում կստեղծվեն հավելյալ նոր եկամուտներ ունենալու հնարավորություն, որով և կապահովվի նրանց շարունակական զարգացումը։
Խորհրդակցության ավարտին Կարեն Սարգսյանը պարզաբանումներ տվեց բժշկական կենտրոնների տնօրենների կողմից բարձրացված տարաբնույթ հարցերին։