Նորություններ
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը
02.12.2024
Դեկտեմբերի 2-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների հետ անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որի ընթացքում զեկուցվեցին նախորդ խորհրդակցությանը տրված հանձնարարականների կատարման արդյունքները։
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին համայնքապետարանների կողմից շինարարական օբյեկտների կառուցման և քանդման թույլտվությունների մասին տեղեկատվության տրամադրման, 2025 թվականին մարզում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի նախնական հայտերի ներկայացման, Այգուտի միջնակարգ դպրոցի նոր մասնաշենքի կառուցման, ինչպես նաև մարզով անցնող միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների պաշտպանիչ գոտիներում քաղաքաշինական գործունեության արգելման և Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրի «Խելացի ոռոգում» ծրագրի ավարտական փուլի իրականացման հետ կապված հարցեր։
Խոսվեց նաև տեղական բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման արդյունքների, «Սևան» Ազգային Պարկ-ի տարածքում տնտեսվարողների հետ աղբահանության պայմանագրերի կնքման, նախորդ տարիներից ձևավորված ապառքների գանձման, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչությանը ցուցաբերվող պետական աջակցության ծրագրերի մասին։
Կարեն Սարգսյանը հանձնարարեց՝ ուշադրության կենտրոնում պահել Սևան համայնքի Գագարին բնակավայրի միջնակարգ դպրոցի նորակառույց մարզադահլիճի շինարարական թերությունների վերացման ընթացքը։
Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները ստացան նաև այլ հանձնարարականներ։