Նորություններ
Գեղարքունիքի մարզպետն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը
25.11.2024
Նոյեմբերի 25-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների հետ անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որի ընթացքում քննարկվեցին մայրուղուց Ջիլ մտնող մարզային նշանակության ճանապարհի հիմնանորոգման նախագծի ձեռքբերման, տեղական բյուջեների սեփական եկամուտների հավաքարման արդյունքների, 2021-2023 թվականներից տեղափոխված և 2024 թվականին հաստատված սուբվենցիոն ծրագրերի իրականացման ընթացքի, շինթույլտվությունների ժամկետների խախտումների դեպքում համապատասխան քայլերի ձեռնարկման հետ կապված հարցեր։
Խոսվեց նաև Սևան-Մարտունի-Գետափ միջպետական ճանապարհի Բերդկունքի հատվածում առաջացած փլվածքի վերականգնման, «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրով նախատեսված նորակառույց դպրոցները և մանկապարտեզները համապատասխան ենթակառուցվածքներով ապահովելու, ընդերքօգտագործման ոլորտում օրինականության պահպանման, ավտոճանապարհների սպասարկման ընթացիկ վիճակի, Ձորավանք-Ճամբարակ-Դրախտիկ ավտոճանապարհի Մարտունի գյուղի հատվածում քարափափման հետևանքների վերացման հետ կապված հարցերի մասին։
Կարեն Սարգսյանը հանձնարարեց՝ հետևել և տեղեկատվություն ներկայացնել կառուցվող ջրատարների վրա համապատասխան քանակի հիդրանտներ տեղադրելու և մարզի բժշկական կենտրոններում նախատեսված արևային ֆոտովոլտային կայանների կառուցման ծրագրի գործընթացներին։
Մարզպետի մեկ այլ հանձնարարականով դրամական օգնություն տրամադրվեց Արցախյան 44-օրյա պատերազմում մարզից անհետ կորած զինծառայողների ընտանիքներին, ինչպես նաև՝ նույն պատերազմում զոհված, Ծովինար գյուղի բնակիչ Կարեն Սիմոնյանի հայրական ընտանիքին, որտեղ լույս աշխարհ է եկել տղա երեխա։
Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները ստացան նաև այլ հանձնարարականներ։