Նորություններ
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը
04.11.2024
Նոյեմբերի 4-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետի աշխատակազմի ստերաբաժանումների ղեկավարների հետ անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը։
Խորհրդակցության սկզբում մարզպետը շնորհավորեց Սիմոն Մանուկյանին՝ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով նրան քաջառողջոթյուն և աշխատանքային հաջողություններ։
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման 10 ամիսների կատարողական արդյունքների, ապառքների գանձման, 2022-2023 թվականներից 2024 թվական տեղափոխված սուբվենցիոն ծրագրերի իրականացման ընթացքի, Գավառ համայնքի Հացառատ թաղամասում կոյուղագծի և մաքրման կայանի կառուցման աշխատանքների նախագծման, մարզի հանրակրթական հաստատություններում անցկացված ներքին աուդիտի արդյունքներով արձանագրված թերությունների վերացման հետ կապված հարցեր։
Խոսվեց նաև Ճամբարակի թիվ 1 միջնակարգ դպրոցի շինարարության ընթացքի, մարզում սուբվենցիոն ու այլ գերատեսչությունների կողմից իրականացվող ծրագրերի մշտադիտարկման, «Արմեդ» համակարգում առկա անճշտությունների կարգավորման հետ կապված հարցերի մասին։
Կարեն Սարգսյանը հանձնարարեց՝ համայնքների հետ աշխատանքներ տանել՝ սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները բարձրացնելու ուղղությամբ։
Հանձնարվեց նաև՝ Ճամբարակ համայնքում հանդիպում կազմակերպել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության հետ՝ պետության կողմից ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչությանը ցուցաբերվող պետական աջակցության ծրագրերի իրազեկման աշխատանքներ իրականացնելու նպատակով։
Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները ստացան նաև այլ հանձնարարականներ։