Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզում իրականացվել է «Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագիրը

21.10.2024


«Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագրի նպատակ ունի լրացնել հանրակրթության ոլորտում «մշակութային կրթություն» բաղադրիչի բացը, մեծացնել հետաքրքրությունն ընթերցանության, երաժշտարվեստի, թատերարվեստի, պարարվեստի, մշակութային կրթության, կինոարվեստի և կերպարվեստի նկատմամբ, խթանել կրթական հաստատություններում քննադատական, վերլուծական և ստեղծագործ մտքի զարգացումն արվեստի բնագավառում, բարձրացնել դպրոցականների գեղագիտական ճաշակը, քաղաքացիական գիտակցությունը, ընդլայնել արվեստի ոլորտներում աշակերտների ճանաչողության սահմանները։
Ծրագրի առաջին կանգառը եղել է Ծաղկունքի բաց դպրոցը, որտեղ Սևան համայնքի 17 դպրոցներից շուրջ 130 աշակերտներ մասնակցել են ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Էդգար Գյանջումյանի հետ տեղի ունեցած հանդիպմանը, որի ընթացքում իրենց ստեղծագործական առաջին քայլերն են արել մասնակից 10 աշակերտներ. վերջիններիս համատեղ ջանքերով ստեղծվել է «Բարի լույս Ծաղկունք» մեղեդին, որը ի մի է բերել և կատարել Էդգար Գյանջումյանը:
Բացի երաժշտական կատարումներից` մասնակիցները լսել են նաև կրթության, մշակույթի և արվեստի կարևորության մասին հագեցած դասախոսություն և իրենց հետաքրքրող հարցերն ուղղել օրվա հյուրին:
Հաջորդ հանդիպումը տեղի է ունեցել Լիճքի միջնակարգ դպրոցում, որտեղ հադիպումը կայացել է ռեժիսոր, դերասանուհի և տիկնիկավար Տաթևիկ Մելքոնյանի հետ:
Մարտունի համայնքի 12 դպրոցներից ավելի քան 250 աշակերտներ ծանոթացել են ներկայացումներում օգտագործվող տիկնիկների տեսակներին` հասարակ փայտե գնդից մինչև խամաճիկ և ձողիկավոր տիկնիկներ, լսել դրանց վարելու նրբությունների ու գաղտինքների մասին և հնարավորություն ստացել հենց իրենց ձեռքերով վարելու տիկնիկները:
Վերջին կանգառը եղել է Կարմիրգյուղի N 1 միջնակարգ դպրոցը, այստեղ կազմակերպվել է հանդիպում դերասան-տիկնիկավար, հաղորդավար Աղասի Մելքոնյանի հետ:
Գավառ համայնքի 7 դպրոցների ավելի քան 100 աշակերտներ ծանոթացել են ներկայացումներում օգտագործվող տիկնիկների տեսակներին, բացահայտել տիկնիկային թատրոնի աշխարհը, իմացել հետաքրքիր մանրամասներ ետնաբեմային կյանքի մասին, իսկ որոշները նույնիսկ փորձել են իրենց ձեռքերով վարել տիկնիկները։
Հանդիպման վերջին մասը տրամադրվել է հարցուպատասխանին, ինչն էլ նպաստել է աշակերտ-արվեստագետ առավել անմիջական շփմանը և երեխաներին հետաքրքրող հարցերի պարզաբանմանը։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 12:47:18