Նորություններ
Գեղարքունիքի մարզի դպրոցականները այցելել են «Զառ» ուսումնական կենտրոնի կողմից կազմակերպված ռազմամարզական ճամբար
07.10.2024
Հոկտեմբերի 4-5-ին Գեղարքունիքի մարզի բոլոր համայնքներից 15-17 տարեկան 34 պատանիներ և աղջիկներ այցելել են Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիային կից «Զառ» ուսումնական կենտրոն, որտեղ անցկացվել է ռազմամարզական ճամբար։
Ռազմական ակադեմիայի ղեկավար կազմի կողմից համակարգվող երկօրյա ճամբարի շրջանակում աշակերտները ծանոթացել են քարտեզագիտությանը, զենքի գործածման անվտանգության կանոններին, զինված ուժերում կիրառվող անօդաչու թռչող սարքերի առանձին նմուշներին, ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության միջոցներին և դրանց կիրառման կարգին։
Ճամբարականների համար նաև կազմակերպվել են մրցումներ՝ ռազմամարզական էստաֆետա մրցաձևից։
Ճամբարում դպրոցականները շփվել են Մ․ Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաների և Վ․ Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտների հետ, օգտվել զինվորական ճաշարանից, իսկ երեկոյան, խարույկի շուրջ հանդիպում են ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։
Ողջունելով աշակերտներին և նրանց ուսուցիչներին՝ Սուրեն Պապիկյանը կարևորել է հայրենիքի պաշտպանի մասնագիտությունը, խորհուրդ է տվել ուսումնասիրել ռազմական ակադեմիայի ընձեռած հնարավորությունները և լրջորեն մտածել այնտեղ կրթություն ստանալու, ՀՀ զինված ուժերի սպա դառնալու հեռանկարի մասին:
Պաշտպանության նախարարն աշակերտներին ներկայացրել է զինված ուժերում ընթացող լայնածավալ բարեփոխումների վերաբերյալ մանրամասներ, ընդգծել զինվորական մասնագիտություն ընտրելու առավելություններն ու արտոնությունները, որոնց շնորհիվ էականորեն փոխվում է ապագա սպայի սոցիալական վիճակը, ինչպես նաև լուծվում է բնակարանային ապահովման հարցը:
Սուրեն Պապիկյանը նաև պատասխանել է աշակերտներին ու կուրսանտներին հետաքրքրող հարցերին:
Հանդիպմանը ներկա են եղել նաև Մ․ Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի և Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի ղեկավարները։
Դպրոցականները ճամբարից վերադարձել են մեծ տպավորություններով։
ՀՀ պաշտպանության նախարարություն / MoD of the Republic of Armenia