Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետը քննարկում անցկացրեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի աջակցման հարցերով ձևավորված հասարակական խորհրդի մարզի ներկայացուցիչների հետ

01.10.2024

Հոկտեմբերի 1-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հանդիպում ունեցավ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին կից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի աջակցման հարցերով ձևավորված հասարակական խորհրդի Գեղարքունիքի մարզի ներկայացուցիչների հետ։
Հանդիպմանը ներկա էին նաև Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը, մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Լուսինե Վարդանյանը, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետ Վանիկ Հարությունյանը։
Հանդիպման սկզբում մարզպետը ներկայացրեց նախարարին կից հասարակական խորհրդի ստեղծման նպատակը, ապա անդրադարձավ այդ խորհրդի Գեղարքունիքի մարզի ներկայացուցիչների համար սահմանված լիազորություններին՝ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հետ հանդիպումների կազմակերպման, նրանց շրջանում ի հայտ եկող հարցերի վերհանման, դրանց արձանագրման և տարբեր գերատեսչությունների միջոցով լուծում տալու տեսանկյունից։
«Մեր հայրենակիցների կողմից բարձրացված խնդիրները կլինեն առողջապահական, սոցիալական, կրթական, փաստաթղթային, պետական աջակցության տարբեր ծրագրերից օգտվելու և այլ բնույթի։ Դրանք պետք է մեկ առ մեկ արձանագրվեն, որպեսզի մեր, մարզի միասնական սոցիալական ծառայությունների, անձնագրային բաժինների, համայնքապետարանների պատասխանատուների ներգրավմամբ և նրանց հետ ունեցած համագործակցության շնորհիվ լուծում ստանան։
Կարծում եմ մեր բարձրացված հիմնական խնդիրները կկարողանանք համատեղ ուժերով լուծել հենց տեղում։ Իհարկե կլինեն նաև այնպիսի հարցեր, որոնք անհրաժեշտ կլինի ներկայացնել հասարակական խորհրդի քննարկմանը։
ՀՀ կառավարությունը աջակցության տրամադրման բազմաթիվ ծրագրեր ունի, միայն անհրաժեշտ է ճիշտ իրազեկում իրականացնել մեր հայրենակիցների շրջանում, իսկ նրանց մտահոգող հարցերի լուծման համար ուղղորդել միայն պատկան մարմիններ։
Վստահ եմ, որ այս գործելաոճով կկարողանանք դրական արդյունք ապահովել»,- նշեց մարզպետը։
Կարեն Սարգսյանը նաև հավելեց, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին կից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի աջակցման հարցերով ձևավորված հասարակական խորհրդի Գեղարքունիքի մարզի ներկայացուցիչների կողմից աշխատանքների արդյունավետ կազմակերպման նպատակով մարզի բոլոր համայնքապետարաններում կհատկացվեն աշխատասենյակներ, կտրամադրվեն գույք և անհրաժեշտ այլ պարագաներ, իսկ մեծամաշտաբ հանդիպումների համար՝ նաև դահիլճներ։
Հանդիպման ավարտին մարզպետ Կարեն Սարգսյանի կողմից ևս մեկ անգամ հստակեցվեցին ներկայացուցիչների առաջիկա անելիքները՝ ի նպաստ մեր հայրենակիցների շրջանում առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների։
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցների աջակցման մարզային հաջորդ, առավել ընդլայնված քննարկումը տեղի կունենա հաջորդ շաբաթ, որին հրավիրված կլինեն նաև մարզի միասնական սոցիալական ծառայությունների, անձնագրային բաժինների և մարզի համայնքապետարանների պատասխանատուները։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:13:02