Նորություններ
Գեղարքունիքի մարզում «ԴասԱրվեստ» ծրագրի մեկնարկը տրվել է Լճաշենի միջնակարգ դպրոցում
18.09.2024
ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից իրականացվող «ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը հյուրընկալվել է ՀՀ Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի Ա.Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում:
Ծրագրի նպատակն է՝ կամրջել թանգարաններն ու կրթական հաստատությունները` նպաստելով արվեստի և կրթության կապի ամրապնդմանը:
Ծրագրին մասնակցել են դպրոցի 5-րդ դասարանի աշակերտները, որոնց հնարավորություն է ընձեռվել՝ ծանոթանալու Հայաստանի Ազգային պատկերասրահին և նրա գործունեությանը։ Աշակերտներին ներկայացվել են պատկերասրահի պատմությունը, կառուցվածքը, «թանգարանային առարկա» հասկացությունը, դրա անվտանգության ու պահպանման կանոնները: Նախագծի կարևոր և բաղկացուցիչ մաս է եղել Հայաստանի ազգային պատկերասրահի ֆոնդապահոցներում պահվող բարձրարժեք թանգարանային առարկաների ցուցադրությունը:
Ծրագրում ընդգրկված են 3-13-րդ դարերի հայկական մոնումենտալ արվեստի օրինակներ, ինչպես նաև՝ 19-րդ դարի երկրորդ կեսի և 20-րդ դարի հայկական կերպարվեստի առանցքային հեղինակ Եղիշե Թադևոսյանի խճանկարը:
Ծրագրի շրջանակում ներկայացվել են որմնանկարներ, կազմակերպվել դասախոսություն, որը վարել են պատկերասրահի լավագույն մասնագետներ Սեդա Արսենյանը, Էլեն Ամատունին և Վազգեն Հախոյանը:
«ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագրի շրջանակում կազմակերպված թեմատիկ ցուցադրությունների, դրանց նվիրված կրթական ծրագրերի, դասախոսության և ինտերակտիվ ծրագրի միջոցով սովորողները ծանոթացել են խճանկարի տեխնիկային:
Ծրագրի ավարտից հետո մասնակից աշակերտները ստացել են պատկերասրահի կողմից փոքրիկ հուշանվերներ: