Նորություններ
Կայացավ «Դպրոցական բաժանորդային համակարգ» ծրագրի Էքսպո-արշավ
16.09.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2024-2025 ուսումնական տարին հայտարարել է «Կրթամշակութային տարի» և այդ մեկնարկի շրջանակում 2024 թվականի սեպտեմբերի 14-ին ՀՀ բոլոր մարզերում կազմակերպվել են «Դպրոցական բաժանորդային համակարգ» ծրագրի Էքսպո-արշավներ, որոնց հիմնական նպատակն է ստեղծել իրազեկման հարթակ ծրագրին միացած մշակութային կազմակերպությունների և դպրոցների համար՝ ներկայացնելով մարզի մշակութային ներուժը շահառու ուսումնական հաստատություններին:
Գեղարքունիքի մարզում Էքսպո-արշավն անցկացվեց Գեղարքունիքի երկրագիտական թանգարանում, սեպտեմբերի 14-ին։
Աշակերտներին իրենց կազմակերպությունները ներկայացրին <<Գեղարքունիքի երկրագիտական թանգարան>> ՊՈԱԿ-ը, Հայաստանի ազգային պատկերասրահի «Գավառի Հրաչյա Բունիաթյանի անվան պատկերասրահ»-ի և «Մարտունու պատկերասրահ»-ի մասնաճյուղերը, ինչպես նաև «ՀՀ Գեղարքունիքի մարզի Լ. Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոն» ՊՈԱԿ-ը: Ցուցադրվեցին շնորհալի երեխաների ձեռքի աշխատանքներ /մասնակցում էին Գավառի ուսուցողական, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոննները և գեղարվեստի դպրոցը/:
Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Արփիկ Չքոլյանը, այնուհետև <<Գեղարքունիքի երկրագիտական թանգարան>> ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականությունները կատարող Մարիաննա Մուսոյանը:
Տեղի ունեցավ ազատ շփում մշակութային կազմակերպությունների աշխատակիցների և աշակերտների միջև, աշակերտներն իրենց հուզող հարցերն ուղղեցին կազմակերպությունների աշխատակիցներին: Ներկաներին իրենց երաժշտական կատարումներով ողջունեցին երաժիշտ-կատարողները: Մասնակցեցին մարզի տարբեր համայնքների շուրջ 500 դպրոցականներ։ վերջիններս մեծ հետաքրքրությամբ մասնակցեցին էքսպո-արշավին, որովհետև ծրագրին միացած մշակութային կազմակերպությունները շատ հանգամանալից ներկայացրեցին իրենց կազմակերպությունների անցած ուղին և մեկ տարում սպասվելիք ծրագրերը, բաժանեցին ներկաներին բուկլետներ, ցուցադրեցին կարճ տեսահոլովակներ: