Նորություններ
Անցկացվեց շախմատի 2024 թվականի ՀՀ Գեղարքունիքի մարզային առաջնություն
02.09.2024
2024 թվականի օգոստոսի 31-ին Գավառի շախմատի տանը տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզի շախմատի 2024 թվականի առաջնությունը: Այն նպատակ ուներ՝ նպաստելու համայնքներում շախմատ մարզաձևի մասսայական զարգացմանը, ի հայտ բերելու շնորհալի մարզիկներին և հանրապետական մրցումներին մարզի լավագույն շախմատիստների մասնակցության ապահովմանը:
Մարզային առաջնությունն անցկացվեց մեկ փուլով, որին մասնակցեցին Գեղարքունիքի մարզում գործող Հայաստանի շախմատի ակադեմիայի Գավառի, Մարտունու, Վարդենիկի, Վարդենիսի, Ճամբարակի, Սևանի և Սարուխանի մասնաճյուղերում կազմակերպված մրցումներում լավագույն արդյունքներ ցուցաբերած 28 շախմատիստներ:
Մարզային առաջնության մասնակիցներից 4-ը իգական սեռի ներկայացուցիչներ էին։ Այն անցկացվեց շվեյցարական մրցակարգով՝ ՖԻԴԵ-ի կանոնակարգի համաձայն:
Առաջնությունն անհատական էր: Մեկ խաղափուլում յուրաքանչյուր խաղացողի տրված էր 25 րոպե ժամանակ` յուրաքանչյուր քայլի համար 5 վայրկյան հավելումով:
Սռաջնությունն անցկացրեց և արդյունքներն ամփոփեց մարզային մրցավարական հանձնաժողովը: Մրցումների գլխավոր մրցավարն էր Գեղարքունիքի մարզում Հայաստանի շախմատի ակադեմիայի ներկայացուցիչ Մերուժան Հայրապետյանը:
Յոթ խաղափուլերում ծավալված հետաքրքիր և անզիջում պայքարում առաջին տեղը գրավեց Ճամբարակ համայնքի ներկայացուցիչ Գարիկ Մարտիրոսյանը, երկրորդ տեղում էր Գավառը ներկայացնող Վարդան Սարգսյանը, իսկ երրորդ հորիզոնականը զբաղեցրեց Հայաստանի շախմատի ակադեմիայի Սարուխանի մասնաճյուղը ներկայացնող Սարգիս Բեգոյանը:
Կանանցից լավագույն արդյունք ցույց տվեց Վարդենիս համայնքի ներկայացուցիչ Մարգարիտ Պետրոսյանը։
Մարզային առաջնությունում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղ գրաված շախմատիստներին հանձնվեցին հավաստագրեր և հուշամեդալներ:
Առաջնությունում լավագույն արդյունքներ գրանցած երկու շախմատիստները կմասնակցեն Հայաստանի տղամարդկանց շախմատի կիսաեզրափակիչ առաջնությանը: