Նորություններ
«Երիտասարդության միջազգային օր-2024» միջոցառման շրջանակներում տեղի ունեցան սպորտային-ժամանցային մրցույթներ
13.08.2024
Օգոստոսի 12-ին Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառում «Երիտասարդության միջազգային օր-2024» միջոցառման շրջանակներում տեղի ունեցան սպորտային-ժամանցային մրցույթներ, որի նպատակն էր խրախուսել երիտասարդների շրջանում ֆիզիկական ակտիվությունը և առողջ ապրելակերպը, անցկացվեց «առողջ ապրելակերպ» թեմայով ինտերակտիվ քննարկում պատանիների, երիտասարդների և մասնագետ-խոսնակի մասնակցությամբ։
Կազմակերպվեց նաև հեծանվաերթ-իրազեկում, որի նպատակն էր երիտասարդների շրջանում բնապահպանական և կանաչ հմտությունների ձևավորումը, առողջ ապրելակերպի խթանումը։
Նախապես գրանցված երիտասարդները մասնակցեցին նաև ռիլերի պատրաստման մաստեր կլասի և օգոստոսի 12-ին և 13-ին կպատրաստեն ծրագրի էքսպոյի, ինչպես նաև Երիտասարդության օրվա միջոցառումները լուսաբանող ռիլեր, որոնցից լավագույնները 5 դասակարգերում կստանան մրցանակներ՝ օգոստոսի 13-ին՝ «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի երկրորդ՝ 2024 Երիտասարդական էքսպոյի փակման արարողության ժամանակ։
Միջոցառման շրջանակներում երիտասարդները՝ համապատասխան մասնագետի օգնությամբ ու վերահսկողությամբ պատկերազարդեցին նախապես ընտրված պատի վրա՝ ստեղծելով օրվա թեմատիկային համարժեք յուրօրինակ գործ։
Թվային գործիքների կանգառում ներկայացվեցին թվային գործիքներ՝ երիտասարդների թվային հմտությունների զարգացման նպատակով։ Կանգառում տեղադրված էին նաև MK ակնոցներ, որոնց միջոցով մասնակիցները հնարավորություն ունեցան հայտնվել միջազգային տիեզերակայանում և ճամփորդել տիեզերքով։
Տեղի ունեցան նաև տեղեկատվական նյութերի, նվերների բաժանում և մրցանակների հանձնում, ինչպես նաև այլ ինտերակտիվ խաղ-մրցույթներ։
Օրվա ավարտը ամփոփվեց «ՆԵՄՐԱ» բենդի համերգով։
Երիտասարդության օրվա միջոցառումների շրջանակում միջոցառումներ տեղի ունեցան նաև մարզի մյուս համայնքներում։