Նորություններ
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մշտադիտարկում իրականացրեց Վարդենիս քաղաքի Բանավան թաղամասի շինհրապարակներում
12.08.2024
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մշտադիտարկում իրականացրեց Վարդենիս քաղաքի Բանավան թաղամասի մանկապարտեզի նորակառույց շենքի և Գայի փողոցի շինհրապարակներում։
Նրան ուղեկցում էին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը, Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի և Վարդենիսի համայնքապետարանի քաղաքաշինության ոլորտի ղեկավարները և աշխատակիցները։
50 տեղանոց մանկապարտեզի նոր շենքը կառուցվում է «Հայաստան Համահայկական Հիմնադրամ»-ի միջոցներով, ՀՀ կառավարության կողմից իրականացվող «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2022 թվականի հոկտեմբերից և այս պահի դրությամբ իրականացվել են շուրջ 80 տոկոսով։
Մանկապարտեզի շենքի կառուցման պայմանագրային արժեքը կազմում է 161 միլիոն դրամ։
Նորակառույց մանկապարտեզը կունենա մեկ նկուղային և մեկ վերին հարկ ու ընդարձակ խաղահրապարակ, ինչպես նաև՝ արդի չափորոշիչներին համապատասխան բոլոր պայմանները։
Գայի փողոցի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 668 միլիոն 253 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Վարդենիսի համայնքապետարանը։
Ծրագրով նախատեսված է ճանապարհի երթևեկելի մասի և մայթերի ասֆալտապատում, միակողմանի ջրահեռացման երկաթբետոնե կիսախողովակների տեղադրում, ճանապարհի գծանշում և կահավորում։
Գայի փողոցի երթևեկելի մասը կասֆալտապատվի 2086 գծամետր երկարությամբ և 20 հազար քառակուսի մետր մակերեսով, երկկողմանի մայթերը՝ շուրջ 5 հազար քառակուսի մետր մակերեսով։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի հուլիս ամսից, ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում և այս պահի դրությամբ իրականացվել շուրջ 45 տոկոսով։ Աշխատանքները նախատեսված է ավարտի հասցնել այս տարվա ընթացքում։