Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մասնակցեց Մարտունու պետական բժշկական քոլեջի շրջանավարտներին ավարտական վկայականներ հանձնելու արարողությանը

30.07.2024

Հուլիսի 30-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Մարտունի քաղաքի մշակույթի պալատում մասնակցեց Մարտունու պետական բժշկական քոլեջի շրջանավարտներին ավարտական վկայականներ հանձնելու արարողությանը։
Միջոցառմանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը, Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը, համայնքի կրթամշակութային և առողջապահական հաստատությունների տնօրեններ, բնակավայրերի վարչական ղեկավարներ, մանկավարժներ և բուժաշխատողներ, շրջանավարտների ծնողներ։
Միջոցառումը բացվեց Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի հոգևոր հովիվ Տեր Երեմիա քահանա Սարգսյանի օրհնանքի խոսքով։
Ապա շրջանավարտները ծաղիկեփնջերի նվիրմամբ իրենց երախտագիտությունը հայտնեցին վաստակած հանգստի անցած բուժաշխատողներ և քոլեջի դասախոսներ Սուրիա Խաչատրյանին, Վիկտորիա Հովհաննիսյանին և Սեդա Շաբոյանին։
Հաստատության անցած ճանապարհի, ձեռքբերումների ու հաջողությունների մասին խոսեց Մարտունու պետական բժշկական քոլեջի տնօրեն Տարոն Արշակյանը, շեշտելով, որ քոլեջն արդեն կյանք է ճանապարհում իր քսաներորդ շրջանավարտներին, որոնց ընդհանուր թիվն անցնում է 1400-ը։
Ըստ տնօրենի՝ նրանք համալրել են ոչ միայն Մարտունի համայնքի , այլ նաև մայրաքաղաքի և հանրապետության տարբեր բուժհաստատությունների բուժանձնակազմերի շարքերը, նույնիսկ մասնագիտական աշխատանք գտել արտերկրում։ Նրանցից շատերը կրթությունը շարունակել են բարձրագույն ուսումնական հաստատություններում՝ արդեն համալրելով բժիշկ մասնագետների շարքերը։ Հաստատությունն ավարտած տղաների հիմնական մասը ծառայել ու ծառայում են Հայոց բանակում՝ բարեխղճորեն կատարելով իրենց քաղաքացիական ու մասնագիտական պարտքը։
Տարոն Արշակյանի հավաստամբ՝ տարեցտարի աճում է Մարտունու պետական բժշկական քոլեջի սովորողների թիվը։ 2017 թվականին հաստատությունում սովորող 130 դիմորդների փոխարեն այս տարի այդ թիվն արդեն գերազանցում է 300-ը։ Քոլեջը միաժամանակ ձեռք է բերել որակի ապահովման վկայական։
Այս տարի քոլեջին հրաժեշտ տվեցին 77 շրջանավարտ, որոնց հանդիսավոր պայմաններում ավարտական վկայականները հանձնեցին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը և պետական ատեստավորման հանձնաժողովի անդամները։
Քոլեջի շրջանավարտներին, տնօրինությանը և մանկավարժներին իր ողջույնի ու շնորհավորանքի խոսքն ուղղեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։
«Ինձ համար մեծ պատիվ է՝ գտնվել այսպիսի միջավայրում, նման կարևոր միջոցառմանը։ Ձեր հաստատության անցած ճանապարհը, արձանագրած հաջողություններն ու ձեռքբերումները փաստում են այն տքնաջան, նպատակամղված աշխատանքի մասին, որոնք դուք կարողացել եք իրականացնել անցած քսանից ավելի տարիների ընթացքում՝ չընկրկելով դժվարությունների առջև։
Ավարտական վկայականներ ստացած այսօրվա շրջանավարտներիդ կամենում եմ խաղաղ երկինք ու պայծառ ապագա, անսպառ հաջողությունններ՝ անձնական կյանքում ու մասնագիտական աշխատանքում։ Լիահույս եմ, որ ձեռք բերած գիտելիքները դուք հաջողությամբ կծառայեցնեք մեր երկրի բարօրությանը, մարդկանց բարեկեցությանն ու առողջ ապրելակերպին։
Ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել քոլեջի տնօրինությանը և մանկավարժներին, որոնց ջանքերն անգնահատելի դեր են խաղացել այս հաստատության կայացման ու զարգացման գործում»,-նշեց Կարեն Սարգսյանը։
Հաստատության կայացման ու զարգացման գործում ներդրած ավանդի համար Կարեն Սարգսյանը Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով պարգևատրեց Մարտունու պետական բժշկական քոլեջի տնօրեն Տարոն Արշակյանին։
Ներկաներին գեղարվեստական կատարումներով ողջունեցին «Անի» և «Ավետյաց» պարային համույթները։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:13:02