Նորություններ
ՀՀ առողջապահության նախարարությունը, “Embrace Global” կազմակերպությունը և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը Գեղարքունիքի մարզի մի շարք բժշկական հաստատությունների նոր սարքավորումներ են տրամադրել
18.07.2024
ՀՀ առողջապահության նախարարությունը “Embrace Global” կազմակերպության աջակցությամբ ձեռք է բերել նորածնային շարժական տաքացնող բնիկների հավաքածու և տրամադրել Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմին։
Վերջինս դրանք բաշխել է Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն և նորածնային ինտենսիվ թերապիա իրականացնող Գավառի, Սևանի, Մարտունու, Ճամբարակի, Վարդենիսի բժշկական կենտրոններին և Մարտունու ծննդատանը։
Նորածնային շարժական տաքացնող բնիկների ճիշտ կիրառման, պահպանման և խնամքի նպատակով նշված բժշկական կազմակերպությունների համապատասխան մասնագետները կմասնակցեն “Embrace Global” կազմակերպության կողմից Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի «Մուրացան» հիվանդանոցային համալիրում կազմակերպվող վերապատրաստման դասընթացներին։
ՀՀ առողջապահության նախարարությունը մեկ այլ ծրագրի շրջանակներում, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցությամբ Գեղարքունիքի մարզի մի շարք առողջապահական հիմնարկների կարիքների համար ձեռք է բերել ամբողջը մեկում (Lenovo Thinkcentre Neo) մակնիշի համակարգիչներ։
Դրանք Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կողմից բաշխվել են Սևանի, Գավառ, Մարտունու, Վարդենիսի բժշկական կենտրոններին, Ակունքի, Գեղհովիտի, Գանձակի, Լիճքի, Լճաշենի առողջության առաջնային պահպանման կենտրոններին, Երանոսի, Զոլաքարի, Ծովինարի, Կարմիրգյուղի, Ձորագյուղի, Ն.Գետաշենի, Նորատուսի, Սարուխանի, Վ․ Գետաշենի բժշկական ամբուլատորիաներին և Վարդենիկի առողջության կենտրոններին՝ աշխատանքները տեղում ավելի որակյալ և արդյունավետ կազմակերպելու նպատակով։